Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության ընդունելությունների տանը այսօր՝ հունիսի 24-ին, կայացել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հանդիպումը. հայտնում են ԱԱԽ մամուլի ծառայությունից:
Արթուր Բաղդասարյանի եւ Նիկոլայ Պատրուշեւի առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհուրդների միջեւ ստորագրված համագործակցության ծրագրում ներառված հարցերի լայն շրջանակ: Առանձնակի անդրադարձ է կատարվել երկու երկրների միջեւ ռազմական, ռազմատեխնիկական, անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքին, սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանը, արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման, պետական ռեզերվի հայ-ռուսական համատեղ ենթակառուցվածքի, Գառնու դիտարանի վերագործարկման եւ վերազինման եւ այլ հարցերի:
Այնուհետեւ Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Պատրուշեւը մեկնել են Գյումրիի 102-րդ ռուսական բազա, որտեղ հանդիպել են Գյումրիի սահմանապահ զորքերի հրամանատարության եւ 102-րդ ռուսական ռազմական բազայի ղեկավարության հետ: Քննարկվել է այս ենթակառուցվածքների հետագա կատարելագործման եւ զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Գյումրիում նաեւ հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիրում ծաղկեպսակ են դրել 1855 թվականի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված ռուս զինվորականների հիշատակի հուշարձանին:
Գյումրուց Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Պատրուշեւը ուղեւորվել են Բյուրականի աստղադիտարան, շրջայց կատարել աստղադիտարանում, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին եւ առկա խնդիրներին:
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի եւ ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդների համագործակցության ծրագրի շրջանակներում իրականացվող Բյուրականի աստղադիտարանի համալիր արդիականացման ծրագրով նախատեսվում է վերաշահագործման հանձնել աստղադիտարանի ձեւափոխված առաջատար երկու դիտակը, որոնք կրկին տարբեր չափանիշներով կդառնան լավագույններն աշխարհում: Դրանց կավելացվեն նաեւ «Պրոեկտ-Տեխնիկաի» պատրաստած 5 նոր, տարբեր տրամագծեր ունեցող դիտակներով` իրենց ժամանակակից ղեկավարման կենտրոնով:
Դրա շնորհիվ Բյուրականի աստղադիտարանը առաջիկայում կգործի իր ողջ ծավալով եւ կարեւոր տեղ կզբաղեցնի երկրագնդի համար վտանգ հանդիսացող տիեզերական աղբի, գիսաստղերի եւ երկնաքարերի տեղաշարժերի միջազգային դիտարկման համակարգում: