կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-17 15:35
Տարածաշրջան

Պուտինը հանձնարարել է Սուդանում ստեղծել ռուսական նավատորմի ռազմակայան

Պուտինը հանձնարարել է Սուդանում ստեղծել ռուսական նավատորմի ռազմակայան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՊՆ-ին հանձնարարել է Սուդանի հետ պայմանագիր կնքել այնտեղ Ռուսաստանի ռազմածովային ուժերի համար լոգիստիկ կենտրոն ստեղծելու մասին: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նոյեմբերի 16-ին իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:

«Ընդունել Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկը` Ռուսաստանի Դաշնության և Սուդանի Հանրապետության միջև Սուդանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի ռազմածովային ուժերի համար լոգիստիկ կենտրոն ստեղծելու մասին համաձայնագիր կնքելու վերաբերյալ»,- ասվում է փաստաթղթում:

Նոյեմբերի 13-ին Gazeta.ru-ն գրել էր, որ, համաձայն ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի կողմից ստորագրված` Պուտինին ներկայացված հայտարարության, Խարթումը անվճար հող է տրամադրելու ռուսական բազային: Մոսկվան կկարողանա տեղավորել ոչ ավելի, քան 300 անձնակազմ և ոչ ավելի, քան չորս նավ, ներառյալ՝ միջուկային էներգիա ունեցողներ սարքավորումներ:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի աֆրիկյան հետազոտությունների ինստիտուտի սոցիոլոգիական և քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սերգեյ Կոստելյանեցը «Կոմերսանտ»ի իր սյունակում նոյեմբերի 12-ին կարծիք է հայտնել, որ վերջին տասնամյակում Ռուսաստանը բազմիցս ցուցադրել է իր ցանկությունը վերսկսելու ռազմական ներկայությունը Աֆրիկայում, որը կորցրել էր 1991 թ.-ին՝ խորհրդային ռազմական նավատորմի տարհանումից հետո, որը գտնվում էր Կարմիր ծովի Նոկրա կղզում:

«Սուդանը ռազմավարական դիրք է գրավում Արևադարձային Աֆրիկայից Հյուսիս և Մերձավոր Արևելք ճանապարհների խաչմերուկում: Սա նշանակում է, որ Սուդանում Ռուսաստանի ռազմածովային ուժերի բազան ոչ միայն կսպասարկի Ռուսաստանի ծովային շահերը, այլև կդառնա «բանալին» դեպի Աֆրիկյան մայրցամաքի սիրտ՝ Կենտրոնական Աֆրիկա, որտեղ Ռուսաստանը նույնպես զգալի հետաքրքրություններ ունի», - նշել է փորձագետը:

Նրա խոսքով՝ Սուդանը կշահի նույնիսկ այն սահմանափակ ռազմատեխնիկական օգնությունից, որը Մոսկվան պատրաստ է անվճար տրամադրել համաձայնագրով: