կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-20 15:50
Առանց Կատեգորիա

″Թումանյանի զավակները. Արտավազդ Թումանյան. Նամականի″

″Թումանյանի զավակները. Արտավազդ Թումանյան. Նամականի″

Հունիսի 21-ին, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Թումանյանի զավակները. Արտավազդ Թումանյան. Նամականի» գրքի շնորհանդեսը /«Մուղնի» հրատարակչություն, խմբագրական կազմ` Սուսաննա Ադամյան, Անի Եղիազարյան/:

 

Գրքում ներկայացվում է Թումանյանի որդու՝ Արտավազդ Թումանյանի փոխադարձ նամակագրությունը հոր, ընտանիքի մյուս անդամների և ժամանակակիցների հետ: Երիտասարդ մտավորականի նամակները ականատեսի վկայություններ են 20-րդ դարասկզբին Արևմտյան Հայաստանում հայ ժողովրդին պատուհասած ողբերգական իրադարձությունների մասին: Այստեղ կարելի է գտնել նաև չափազանց հետաքրքիր ու սրտառուչ պատկերներ Թումանյան ընտանիքի կյանքից, ինչպես նաև ժամանակի հայ մշակութային անցուդարձից: Առանձին բաժնով առաջին անգամ ներկայացվում են Արտավազդի նամակները և բանաստեղծությունները՝ նվիրված անգլուհի, գթության քույր Էլիզաբեթ Արմսթրոնգին՝ որպես քնքուշ զգացմունքների և երախտագիտության առհավատչյա:

 

Արտավազդ Թումանյանը Հովհ. Թումանյանին

Իգատակ– Աբասթուման

5 օգոստոսի, 1910 թ.

«Սիրելի հայրիկ, նամակդ ստացա. շատ շնորհակալ եմ, և դարձյալ ճիշտ ես ասում: Տգետ նկարիչ կլինի, բայց նա առաջ չի գնա և նա իսկական նկարիչ չէ: Միմիայն մեծ հանճար Լեոնարդո դա Վինչին հիշեցնեմ քեզ – բավական է: Դա Վինչին մի տիտան է համայն գեղարվեստի մեջ: Բայց կան երեք մեծ սյուներ /գեղարվեստի/` Լեոնարդո դա Վինչի, Միքել-Անջելո և Ռաֆայել: Թեպետ Ռաֆայելը ավելի տաղանդավոր է, բայց Լեոնարդոն եզակի է – որովհետև... նա գիտնական է, նա նկարիչ է, նա քանդակագործ է, նա մեքենայագետ է, նա քիմիկոս է, նա անատոմ է և վերջապես նա մաթեմատիկոս է, որը շատ բացառություն է գեղարվեստագետների մեջ:

 

Ահա թե ինչու է Լեոնարդոն ավելի մեծ, ավելի հզոր ու եզակի է – միմիայն իր գիտությամբ: Բայց այժմ քեզ պատմեմ մի հոլանդացի տաղանդավոր նկարչի մասին. սա Յանո Ստենն է: Ֆրանց վան Մերիսի /հոլանդացի նկարիչ է/ ամենամտերիմ ընկերն էր Յանո Ստենը /1626-1679/: Սա ոչ թե միայն տաղանդավոր նկարիչ էր, այլև շատ ուրախ, քեֆ անող պանդոկապետ-թամադա: Սրա կենսագիրները ասում են, որ էս երկու ընկերները միասին նստում էին պանդոկում, ու հաշվել են, որ էս երկուսը ավելի էին խմում, քան բոլոր այցելուները մի օրում: Չկարծես, թե սա հայտնի չէ: Որովհետև Պետերբուրգի Էրմիտաժը հպարտանում է նրա մի քանի գործերով, որոնցից հայտնի է «Թափառականը»: Երևի ինքն է:

 

Սրանց թողնենք ու մի երկու խոսք ասեմ Ռեմբրանդտի մասին: Սա մի հասարակ ջրաղացպանի տղա էր: Թեպետ ներկայումս էլ համարվում է մեծ տաղանդ, բայց ավելի լավ գործեր կտար, եթե կրթություն ունենար: Եղիշեն նաև բոլորովին տգետ նկարիչ չէ, բայց սրանք իհարկե բացառություններից են: Այժմ խոսեմ Իգատակի և իմ դասերի, ավելի շատ վասմ <ու> հալիս մասին: Շատ է գեղեցիկ Իգատակը` մանավանդ առավոտը վաղ ու երեկոյան: Զարթնում ենք առավոտը վաղ` ժամը 6-7-ին ու լողանում ենք գետում` ջրվեժի տակ: Արևն ընկնում է պատշգամբին ու ծառերը դեղնացնում: Վշվշում է գետը առաջներս ու զանազան բաներ է ասում, որից ոչինչ չեմ հասկանում: Իսկ գետի ափին շարված են սգող ուռիները ու թափահարում են իրենց թուլացած ճղները: Տան առաջը կա մի մեծ ծառ, որը կարծես պատմում է Իգատակի անցյալը: Էս տեսակ տուն Լոռվա ծմակում դեռ ես չէի տեսել և չեմ տեսնի, իբրև բնական. երևի կզարմանաս, որ ասեմ, եղջերուներ են գալիս մտնում գոմը:

 

Առավոտը մարդիկ, երեխաներ, գոմեշներ, ձագեր, հորթեր, կովեր, եզնիք, ձիան, շներ, կատու, թռչուններ, թիթեռներ, ճանճեր ու մլակներ, մեկը մյուսին խառնված, շունը տիրոջը չի ճանաչում: Նանը գոմեշները կթում է, թեյ ենք խմում ու 81/2-ից սկսում ենք պարապել. մինչև 12-ը` Արտաշի հետ, ապա 1 1/2-ից` ինձ հետ մինչև 5-ը: /Փակագծումն էլ ասեմ, որ օրական 1-3 անգամ լողանում ենք/: Երեկոյան դարձյալ պատահում է նույնը, ինչ-որ առավոտը ու գնում ենք զբոսնելու խմբերով մեր բուլվարում: Միշտ ես, Խան-Ազատն ու Գալուստը միասին ենք զբոսնում: Հետո մեր ետևից ու առջևից գալիս են զանազան խմբեր: Հենց էդ ժամանակ լուսինը «դուրս է գալիս» մռայլ ամպերի տակից ու լուսավորում է ամբողջ Իգատակը: /Չգիտեմ, Ձեզ էլ, թե չէ…/: Արևմերմտոցին գնում ենք «Սիրո հովիտը». էս անունը ես եմ դրել. սա գտնվում է անտառի գլխին: Մի ընդարձակ տեղ է` խոտերով լիքը…

 

Համբույրներով` ուստր Արտիկդ

                             ***

Հովհ. Թումանյանը Արտավազդ Թումանյանին

Աբասթուման – Իգատակ

օգոստոսի 10, 1910 թ.

Արտիկ ջան, ստացա վերջին նամակդ: Ախպեր, դու ավելի շատ բան ես գիտացել մեծ նկարիչների կյանքից, քան թե ամբողջ Աբասթումանը, որ շատ զարմացավ էդքան տեղեկությունների վրա: Բայց ամենից լավն էն է, որ դու էլ լավ գիտես, որ ինչքան էլ մեծ տաղանդ ունենա մարդը, գիտությունը ու գաղափարները և տպավորություններն են, որ հարստացնում են նրան, ճոխացնում են, խորացնում են… Բարևներ ու համբույրներ (գրի):

Հայրիկդ

                                            ***

 Գարեգին վարդապետ Հովսեփյանը Արտավազդ Թումանյանին

Էջմիածին– Թիֆլիս

1 ապրիլի, 1912 թ.

Սիրելի՛ պարոն Արտավազդ, Ձեր տոմսն ինձ շատ ուրախացրեց. մեր ներկա պատանեկությունը և ուսանողությունը շատ քիչ է հետաքրքրվում մեր անցյալ հիշատակներով, պատմությամբ: Բայց Եղիայի հոգին իջել է Եղիսեի վերա, Հովհաննես Թումանյանի որդին չէր կարող անտարբեր լինել դեպի անցյալի սրբազան մնացորդները, ի սրտե ուրախ եմ, ոչ այն պատճառով, որ ինձ օգնել կարող եք, այլ որ Ձեր մեջ այդպիսի սեր և ձգտում կա: Այս ամառվա համար երկու ճանապարհորդություն ունեմ ծրագրված, մեկը Հին Նախիջևանի գավառում, մասամբ և Վայոց Ձորում` Պռոշյանց իշխանական տոհմի հիշատակարաններն ուսումնասիրել, լուսանկարել և մյուսը` Մամիկոնյանց հիշատակարանները Լոռում:

 

Առաջինը դժվար է, շաբաթներով պետք է ձիով ճանապարհորդենք լեռներ ու ձորեր, մեծ մասով թուրքերի մեջ և առանց հարմարությունների և կանոնավոր սննդյան: Ձեր անվարժ ու մատաղ հասակը չեմ ուզում այդպիսի ծանր փորձության ենթարկել: Բայց երկրորդ ճանապարհորդությանը սիրով կընդունեմ և կաշխատեմ, գործնականապես էլ վարժվեք, թե ինչպես պետք է հավաքել և ուսումնասիրել հայրենի հնությունները: Բացի դորանից հրավիրել եմ Պոլսից և նկարիչ Թերլեմեզյանին` ապրիլ ու մայիս ամիսների ընթացքում Էջմիածնում ինձ աշխատակցելու: Եթե Ձեր ժամանակը կներե, կարող եք ինձ մոտ գալ և այդ զուտ մանրանկարչական աշխատանքին ևս մասնակից լինել: Թերլեմեզյանի բացառության դեպքում Թիֆլիսից պիտի կանչեմ մի ծանոթ ռուս նկարիչ: Խնդրեմ ընդունեք իմ ի սրտե ուրախությունը Հայրիկիդ ազատման համար և նույնը հայտնեք Ձեր հարգելի տիկին մորը: Հայրիկիդ Թիֆլիս գալիս, ինձ իմաց տվեք խնդրեմ երկտողով:

Սիրո ողջունիվ` Ձեր Գարեգին վարդապետ

                                              ***

Արտավազդ Թումանյանը Գարեգին վարդապետ Հովսեփյանին

Թիֆլիս – Էջմիածին

5 ապրիլի, 1912 թ.

Սիրելի Հայր Սուրբ! Անչափ ուրախացրեց Ձեր նամակը, որ բարեհաճել էիք գրել ինձ: Շնորհակալություն ուշադրության համար: Ճիշտ եք գրել, որ ինձ համար դժվար կլիներ ճանապարհվել դեպի Հին Նախիջևան, բայց երկրորդը` ինչպես և Դուք էիք գրել, շատ է հարմար ինձ, որովհետև շատ է մոտ, իմ իսկական հայրենիքն է, և վերջապես, որին ավելի եմ ծանոթ: Մի քանի տարի առաջ, մեր գյուղի ձորում, ուր գտնվում է Ս. Գրիգոր վանքը, գետնի տակից պատահմամբ դուրս եկավ մի կիսակլոր, բավականի հաստությամբ քար, որը սվաղված է կրով, և որի վրա նկարված է Աստվածամոր տխուր նկարը` Մանուկը ձեռին: Սա անցյալ «ում» մտադրվեցի բերել Թիֆլիզ, բայց չհաջողվեց, և այս տարի անպատճառ կբերեմ: Բայց Դուք ավելի լավ գնահատելով, ցանկալի կլիներ, Դուք ուշադրություն դարձնեիք այդ թանկագին սրբազան մնացորդին, որը օրըստօրե փչանում է: Այս «պեղող»-ներից էր նաև նկարիչ պարոն Թերլեմեզյանը, և կարծեմ հենց նա էր, որ նկարիչ Միրզոյանի հետ գտան:

 

Այնտեղ, իհարկե շատ նոր-նոր բաներ և նոր ավանդություններ կլինեն Ձեր աշխատության համար, որոնք շատ կօժանդակեն: Հա, ուրեմն ես կարող եմ գալ նաև ապրիլի վերջերին, և ապա այնտեղից կմեկնենք դեպի մեր կողմերը: Շատ ուրախ եմ: Հայրիկի գալուն ենք սպասում: Երեկ հեռագիր ստացանք, որում հայտնում է, թե ուրբաթ լինելու են Մոսկվա: Այնտեղ 4-5 օր կմնան… և 10-12 օրից կլինեն այստեղ: Կրկին հայտնում եմ խորին շնորհակալություն Ձեր թանկագին նամակի համար: Իհարկե ընդունեք մեր ընտանիքի կողմից խորին հարգանքները և առանձնապես ինձանից հարգանքներիս հավաստիքը:

Ջերմ բարևներով` Ձեր Արտավազդ Թումանյան