Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կին, ով որդեգրել է տարբեր ազգությունների երեխաներ, պահել ու դաստիարակել 18 երեխա, ստեղծել մեծ ընտանիք: Այս ընտանիքի պատմությունը շատերին է հայտնի: Երբ առաջին անգամ հասարակությանը հայտնի դարձավ տպավորիչ պատմությունը, ճանաչողները հպարտացան, լումա ներդնողները հանգիստ շունչ քաշեցին, իհարկե, գտնվեցին նաեւ թերահավատներ, ովքեր փորձեցին անընդհատ փնտրել ու գտնել որեւէ պատճառ ու իմանալ ավելին, բացատրություն տալ իրենց իսկ հարցերին...
Այդ մեծ ընտանիքի մայրն էր Լարիսա Հովսեփյանը: Լարիսա մայրիկը ծնվել է 1941 թվականին Երևանում: Մայրը մասնագիտությամբ բժիշկ էր, հայրը մասնակցել էր Հայրենական Մեծ պատերազմին: Դպրոցն ավարտելուց հետո սովորել է ԵՊՀ -ում:
1971 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: Եղել է օպերատորի օգնական, այնուհետև 2-րդ օպերատոր: Ստուդիայում աշխատանքն ավարտել է որպես նկարահանման խմբի ղեկավար: Առաջնեկին մայրը որդեգրել է 1982 թվականին Լիտվայի Վիլնյուս քաղաքի ծննդատնից: Իր հոր պատվին՝ տիկին Լարիսան նրան անվանեց Հայրապետ:
Մեծ ընտանիքի հաջորդ անդամները
Վիլնյուս քաղաքի ավտոկանգառում տիկին Լարիսան գտնում է 3 տարեկան մի երեխայի, նրան տանում է ռուսական մանկատուն: Երեխայի մոտ ոչ մի փաստաթուղթ չի լինում: 2 ամիս շարունակ նորածին Հայրապետի հետ տիկին Լարիսան այցելում էր աղջկան: Նրան թույլ չտվեցին որդեգրել երեխային: Տիկին Լարիսան հետո շատ երկար հիշում էր երեխայի խոսքերը.
-Մամա, ե՞րբ ես հետ գալու...
Վերադարձավ Հայաստան, բայց հաստատ որոշել էր հետ գնալ: Իր մոր եւ Հայրապետի հետ վերադարձան: Այդ ընթացքում աղջիկը մենինգիտով էր հիվանդացել եւ չէր հիշում «մամային»: Տիկին Լարիսան իր որոշումից հետ չկանգնեց: Նրան օգնեց Գեղամ Գրիգորյանը` Վիլնյուսի օպերայի մենակատարը: Այդ ընթացքում ընտանիքին ավելացել էր եւս մեկ անդամ` փոքրիկ Անդրանիկը: Ընտանիքն օր օրի ընդլայնվում էր, իսկ ընտանիքի մայրը կրճատվել էր աշխատանքից: Գումար էր պետք, եւ նա սկսեց հավաքարար աշխատել: Հետո թողեց այս գործն ու փոստատար դարձավ: 1984թվականին «Հայաստանի աշխատավորուհի» թերթը գրեց այս ամենի մասին: Բազմաթիվ հեռախոսազանգեր ու նամակներ էին գալիս: Մոր քնքշանք փնտրող որբեր էլ եկան: Նրանք շատ էին: Տիկին Լարիսան ընտրեց նրանցից 2-ին` Ռուզաննային եւ Արմենին:
1988 թվականին երեխաներն արդեն 10 էին: 11-րդ երեխան Հակոբն էր: Տիկին Լարիսան ստացավ արծաթե եւ բրոնզե մեդալ ԽՍՀՄ պետությունից:
Երեկ քաղցկեղից մահացել է Լարիսա մայրիկը: Լարիսան մեկն էր, ում բարությունը մարդկային ուղեղում երբեմն չէր տեղավորվում, եւ այդ պատճառով մարդիկ թերահավատությամբ էին մոտենում... Նա մայրական սիրով էր պարուրում այն փոքրիկներին, ովքեր ունեին դրա կարիքը:
Լարիսա մայրիկի զավակները միայն հիմա որբացան...
Անժելա Ֆրանգյան
Մարիաննա Աբրահամյան