Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նորաստեղծ «Դոմինո Փրոդաքշն» ընկերությունը մոլորեցրել է սպառողներին՝ «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ընկերության կատարած աշխատանքները վերագրելով իրեն. տեղեկացնում է ՏՄՊՊՀ մամուլի եւ հասարակության հետ կապերի վարչությունը:
«Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ընկերության նախկին համահիմնադիր Արամ Հարությունյանը Հանձնաժողով է ներկայացրել դիմում` հայտնելով, որ 2009 թվականին իր, Ֆրանսիայի քաղաքացի Սևակ Սերոբյանի և Աշոտ Առաքելյանի կողմից ստեղծվել է «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ընկերությունը` համապատասխանաբար, 34, 33 և 33 տոկոսային բաժնեմասերով:
Գործունեության երկու տարիների ընթացքում ընկերությունը իրականացրել է մի շարք միջոցառումներ, որոնց թվում` «Գոհար» և «Հայաստանի աստղերը» համերգային ծրագրերի կազմակերպումը: Սակայն հիմնադիրների միջև ծագած անհաշտության արդյունքում 2013-ի փետրվարին կայացվել է ընկերությունը լուծարելու որոշում: Արամ Հարությունյանը հայտնել է, որ հիմնադիրներից մեկը` Աշոտ Առաքելյանը, ստեղծել և գրանցել է «Դոմինո Փրոդաքշն» ՍՊԸ և համատեղ հիմնադրված ու արդեն լուծարման փուլում գտնվող «Դոմինո Վիդեո Փրոդաքշնի» կատարած բոլոր գործերն ու մրցանակները վերագրել իր ընկերությանը: Փաստորեն, ըստ դիմումատուի, սուտ տեղեկատվության միջոցով օգտագործել է «Դոմինո Վիդեո Փրոդաքշնի» բարի համբավը:
ՏՄՊՊՀ ուսումնասիրությամբ հաստատվել է, որ «Դոմինո Վիդեո Փրոդաքշնի» իրականացրած աշխատանքները` տեսահոլովակները, լուսանկարները, ինչպես նաև մրցանակները որպես «Դոմինո Փրոդաքշնի» աշխատանքի արդյունք ներկայացնելը, ինչպես նաև կեղծ տեղեկություններ հրապարակելը կարող է մոլորեցնել հասարակությանը, ինչն անբարեխիղճ մրցակցության դրսևորում է:
Ուստի հանձնաժողովի այսօրվա նիստում որոշվել է «Դոմինո Փրոդաքշն» ընկերության հանդեպ կիրառել տուգանք` նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով, որն օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափն է: Միաժամանակ հանձնարարվել է 1 շաբաթ ժամկետում վերացնել հայտնաբերված խախտումները: