| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Թուրքիայում տարածված թռչնի գրիպին և խոսեց այն մասին, թե որքանո՞վ է Հայաստանը ապահովագրված սրանից:
Ստեփանյանը նշեց, որ թռչնագրիպն արդեն հարյուր տարվա պատմություն ունի, որը համարվում է սուր ինֆեկցիոն հիվանդություն: Այս հիվանդությունը Միջին Արևելքի և Հնդկաչինի երկրներում է առաջացել, այնուհետև տարածվել Եվրոպայում: Թռչնաբույծների միության նախագահի բնորոշմամբ` այս հիվանդությունը վիրուս է, որն առավել վտանգավոր կարող է դառնալ, եթե վերածվի պանդեմիայի:
«Թռչնագրիպն ընկած է H և N տեսակների մեջտեղում: Բանն այն է, որ այս տիրույթում վարակը շատ արագ մուտացիայի է ենթարկվում և դրա համար էլ դժվարանում է դրա դեմ պայքարը»,- ասաց Ստեփանյանը:
«Թուրքիայում տասն օր առաջ չվող թռչունների շրջանում թռչնագրիպի դեպք է արձանագրվել: Մարդիկ չեն վարակվել, սակայն վարակված թռչուններն էլ հերիք են, որ ակտիվ գործողություններ և կանխարգելիչ միջոցառումներ սկսվեն»,- նշեց նա` հավելելով նաև, որ լաբորատոր փորձաքննությունները ցույց են տվել, որ Հայաստանում վտանգ չկա, բայց դա բավարար չէ հանգիստ և առանց վտանգի զգացողության ապրելու համար:
«Մենք Թուրքայից թռչնամիս և ձու չենք ներկրում: Փետրվար ամսին Թուրքիայից միայն Broyler տեսակի մսատու ճտեր են ներկրվել, բայց այդ ներկրումն անմիջապես դադարեցվել է: Մենք այսօր Թուրքիայից սննդամթերքի ստացման աղբյուր չունենք, բայց հնարավոր է, որ ուրիշ տեղից ներկրվածը ևս կապ ունենա Թուրքիայի հետ: Այդ հանգամանքն էլ են նկատի ունենում: Սպառողներին այժմ խորհուրդ է տրվում հում և կիսաեփ ձու չօգտագործել»,- ընդգծեց Ստեփանյանը:
Նա շեշտեց նաև` քանի որ մեր տարածաշրջանը մոտ է Թուրքիային, վտանգն ամեն դեպքում կա: Բանախոսը տեղեկացրեց, որ մեր տարածաշրջանում ավելի վտանգված է Վրաստանը, քանի որ թռչունները չվելու ժամանակ կանգառ են ունենում հենց Վրաստանում, իսկ Հայաստանին այդ առումով վտանգ չի սպառնում: Սերգեյ Ստեփանյանը տեղեկացրեց նաև, որ մարդուց մարդուն այս վարակը չի փոխանցվում: