Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀԱՊԿ-ն որակապես զարգացման նոր փուլ է թեւակոխվում. Բիշքեկում ստորագրված փաստաթղթերը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ն հզորացնում է իր պոտենցիալը քաղաքական, ռազմական եւ անվտանգության ենթակառուցվածքների կատարելագործման առումով. լրագրողներին այսօր տեղեկացրեց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Նա ասաց, որ ՀԱՊԿ շրջանակներում քաղաքական մշտական գործող կոնսուլտացիաների տրամաբանությունը հանգեցրել է նրան, որ արտաքին քաղաքական առանցքային հարցերի շուրջ 6 երկրները կարողանում են, բազմաթիվ խնդիրների հետ կապված, ձեւավորել միասնական քաղաքական դիրքորոշումներ, եւ այդ կապակցությամբ շատ կարեւոր է ԼՂՀ հիմնախնդրին առնչվող այն հայտարարությունը, որ ընդունվեց Բիշքեկում:
«Մասնավորապես` արձանագրվեց ուժի գործադրման անթույլատրելիությունը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը Մինսկի խմբի շրջանակներում, նաեւ կոչ արվեց արագ ավարտել բոլոր այն գործընթացները, որոնք կապված է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հետ»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
Ռազմական բաղադրիչի տեսանկյունից, ինչպես տեղեկացրեց ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, ՀԱՊԿ-ն իսկապես թեւակոխում է զարգացման նոր փուլ, որն առանցքային նշանակություն ունի ՀՀ անվտանգության ապահովման համար. ՀԱՊԿ շրջանակներում ստեղծվելու են միացյալ զորքեր:
«Չափազանց կարեւոր ենք համարում հատուկ օպերատիվ միջոցառումների համար միացյալ ուժերի, ինչպես նաեւ միացյալ ավիացիոն ուժերի ստեղծումը: Կձեւավորվեն տարածաշրջանային զորամիավորումներ` Կովկասյան տարածաշրջանում` Հայաստանում, միջինասիական տարածաշրջանում եւ արեւելաեվրոպական տարածաշրջանում: Չափազանց կարեւոր ենք համարում այս ռազմական բաղադրիչի հզորացումը ՀԱՊԿ շրջանակներում. ե’ւ այս տարածաշրջանային զորախմբերը, ե’ւ խաղաղապահ զորախմբեր, ե’ւ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումները, ինչպես նաեւ հատուկ օպերացիաների համար միացյալ ուժերի ու կոլեկտիվ ավիացիոն ուժերի ստեղծումը շատ կարեւոր նշանակություն կունենա մեր երկրի անվտանգության համար, որովհետեւ Հայաստանը լիարժեքորեն ընդգրկված է այս գործընթացներում»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ Բիշքեկում չափազանց կարեւոր այլ որոշումներ էլ են կայացվել, որոնք վերաբերում են ռազմաարդյունաբերական ուղիղ համագործակցությանը, սահմանային անվտանգության ապահովմանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարին, կիբերանվտանգության իրագործմանը եւ կիբերահաբեկչության դեմ պայքարին: Այս որոշումներից բացի, Բիշքեկում ՀԱՊԿ խորհրդաժողովի ներկայացուցիչները որոշել են ստեղծել գիտատեխնիկական համագործակցության խորհուրդ, ինչպես նաեւ հիմքեր ձեւավորել ՀԱՊԿ անդամ երկրներում պետական եւ հանրային սեկտորների վերլուծական կարողությունների միավորման համար:
Լրագրողները մեկ անգամ եւս հետաքրքրվեցին, թե ինչու Սերժ Սարգսյանը չէր մասնակցում Բիշքեկյան հավաքի աշխատանքներին, եւ արդյոք դա դեմա՞րշ էր նրա կողմից, ինչին Արթուր Բաղդասարյանը պատասխանեց, թե վաղօրոք էլ հայտնի էր, որ մեր երկրի նախագահը Բիշքեկ չի մեկնի, քանի որ մեր երկրում պետական տոնի շրջանակներում բազմաթիվ միջոցառումների պետք է մասնակցի:
Բացի այդ, նշեց Արթուր Բաղդասարյանը, Բիշքեկում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական խորհրդակցություն էր, իսկ պաշտոնականին Սերժ Սարգսյանն արդեն կմասնակցի: