կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-17 13:18
Քաղաքական

Իշխանությունները պատրաստվում են 2017-ին

Իշխանությունները պատրաստվում են 2017-ին

Գազի թանկացման խնդիրը, ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի, պարունակում է ոչ միայն քաղաքական, այլ նաեւ աշխարհաքաղաքական բաղադրիչ,  իհարկե`  նաեւ սոցիալական:

 

«Շատ հեռատես չպետք է լինել կամ ավելի խորաթափանց` ենթադրելու, որ ռուսական գազի սակագնի բարձրացման քաղաքականությունը բացառապես պայմանավորված է Հայաստանի այսօրվա իշխանության նկատմամբ Ռուսաստանի իշխանության վերաբերմունքով: Ակնհայտորեն, սա շատ մանկամիտ վերլուծություն կլիներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավորը եւ հավելեց, որ այս ամենում քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել:

 

Հարությունյանը նշեց, որ գազի թանկացումը նշանակում է սպառողական զամբյուղի կտրուկ աճ: Նա համաձայն չէ այն կարծիքների հետ, որ երկրում հասունանում է սոցիալական «բունտ», ավելին, ըստ նրա, նման տեսակետներ հայտնողներն իրենց համար ցանկալին ներկայացնում են որպես իրողություն:

 

«Իշխանությունների առջեւ կանգնած են լուրջ մարտահրավերներ 2017թ.-ի համար, եւ եթե ՀՀԿ-ն, իրոք, ցանկանում է հաջողություններ արձանագրել, այս ժամանակահատվածը արմատական փոփոխություններ կատարելու համար ամենաբարենպաստ ժամանակահատվածն է, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Կարծեմ` ՀՀ նախագահն էլ է ասել, որ առաջիկա տարիները բարենպաստ են արմատական փոփոխություններ կատարելու համար, եւ կառավարությունը մտադրված է դրանում»,- հայտարարեց Հարությունյանը:

 

Խոսելով կառավարության ծրագրի մասին, որը երկուշաբթի օրվանից քննարկվելու է ԱԺ-ում, ՀՀԿ խմբակցության պատգամավորը նշեց, որ ծրագիրն իրատեսական է, նաեւ` լարված, անգամ ռիսկեր է պահանջում: