կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-03 16:10
Քաղաքական

Մեծ Թուրանի ծրագրին ՀՀ իշխանությունները չեն էլ պատրաստվում դիմակայել. ադրբեջանագետ

Մեծ Թուրանի ծրագրին ՀՀ իշխանությունները չեն էլ պատրաստվում դիմակայել. ադրբեջանագետ

Իրականության հետ որևէ աղերս չունի այն, թե Ադրբեջանն ուզում է Հայաստանի հետ «խաղաղության դարաշրջան» բացել. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան` անդրադառնալով իշխանությունների առաջ քաշած այն թեզին, թե իբր երկու երկրները պատրաստ են «խաղաղության դարաշրջանի» բացմանը։

Ադրբեջանագետի խոսքով` Ադրբեջանն ամեն օր իր գործողություններով ապացուցում է հակառակը` սադրանքներով,  խաղաղ բնակչությանն ահաբեկելով, քաղաքացիական անձանց առևանգելով և այլն։

«Տասնամյակներով արմատացած հայատյացությունը ոչ միայն չի կարող վերանալ «խաղաղության պայմանագրի» կնքմամբ, այլև դրա համար չի արվում որևէ քայլ, որպեսզի հետագայում` սերնդափոխությունից հետո, ատելության մթնոլորտը Ադրբեջանում վերանա. չեն վերանայվում դպրոցական դասագրքերը։ Պաշտոնական հռետորաբանությունից է գալիս հայատյացությունը, և միամտություն կլինի կարծել, թե նրանց քաղաքականությունն այդ ուղղությամբ կփոխվի»,- փաստեց Անժելա Էլիբեգովան։

Հարցին` ճանապա՞րհ, թե՞ միջանցք. Հայաստանի և Ադրբեջանի հասարակական պատկերացումներն ինչպիսի՞ն են, Էլիբեգովան պատասխանեց` Ադրբեջանի հասարակության դիրքորոշումը հստակ է՝ միջանցք պետք է տրամադրվի իրենց, իսկ հայաստանյան հասարակությունը չի էլ պատկերացնում, թե ի՞նչ է միջանցքը, ի՞նչ է նշանակում կոմունիկացիաների բացում, ո՞րն է դրանց տարբերությունը, ի՞նչ է մեզ սպասվում երկու դեպքում էլ։ Հասարակությունը տեղեկատվության պակաս ունի, և այս հարցին տարբեր շերտերի  վերաբերմունքը տարբեր է։ Ամեն դեպքում՝ Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքի» բացման կապակցությամբ  իրեն թույլ է տալիս ռազմական էսկալացիայի սպառնալիքներ պարունակող հայտարարություններ անել։

«Թուրք-ադրբեջանական տանդեմը, այո, Մեծ Թուրանի՝ թյուրքական աշխարհի միավորման գաղափարը և՛ քարոզչական, և՛ դիվանագիտական, և՛ քաղաքական առումներով բավականին ակտիվորեն թմբկահարում է։ Այդ ծրագիրը փորձում է իրականացնել  Հայաստանի` Սյունիքի սաhուն գրավման հաշվին։ Վստահ եմ, որ ներկայիս իշխանություններն այդ առումով դիմագրավել ոչ միայն չեն կարող, այլև չեն էլ պատրաստվում», - ասաց նա։

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե մենք պետք է գնանք և հարցնենք Թուրքիային ու Ադրբեջանին՝ իրենք ցանկանո՞ւմ են մեզ ցեղասպանել, ադրբեջանագետն ասաց, որ այդ հայտարարությունն ավելի շատ ներքին լսարանին էր ուղղված, քանի որ, ակնհայտ է՝ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները չեն խոստովանելու, որ իրենք պատրաստվում են ցեղասպանությունը շարունակել կամ ռազմական սպառնալիքը չեն վերացնելու և այլն։

«Ուղերձն ուղղված էր հայ հասարակությունը, որպեսզի պատրաստի, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանին, ինչպես նաև թուրքերի և ադրբեջանցիների ներկայությանը մեր իրականության մեջ»,- բացատրեց էլիբեգովան։

Հարցին՝ ինչո՞ւ ներկայիս իշխանություններն Ալիևի ռազմատենչ հայտարարություններին որևէ մակարդակով չեն պատասխանում՝, ադրբեջանագետը դժվարացավ պատասխանել, քանի որ, ըստ էության, չունի որևէ տրամաբանական բացատրություն, թե ինչո՞ւ Ալիևի հայատյաց և վիրավորական, ծաղրող, հաճախ լկտի հայտարարություններին պաշտոնական մակարդակով Հայաստանից չեն արձագանքում, ավելին` միջազգային կառույցներին այդ հարցով չեն դիմում։

Անդրադառնալով  Սոչիում ստորագրված փաստաթղթին՝ ադրբեջանագետը նշեց. «Փաստացի այդ փաստաթղթում ֆիքսվում է, որ առաջնահերթն այս պահի դրությամբ  կոմունիկացիաների բացումն է և դելիմիտացիայի պրոցեսը։ Այո՛, այդ փաստաթղթում ոչ միայն խոսք չկար Արցախի կարգավիճակի  մասին, այլև հստակ չէ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ։ Այսինքն՝ մենք բանակցային գործընթացի վերսկսման պարագայում ի՞նչ ենք պահանջելու  ադրբեջանական կողմից»։

 

                                                                             Լենա Կարապետյան