կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-07 23:56
Քաղաքական

ԱԺ նախագահը հորդորեց ''քուչի տղա'' ձեւակերպումից իրեն հեռու պահել

ԱԺ նախագահը հորդորեց ''քուչի տղա'' ձեւակերպումից իրեն հեռու պահել

Երեւանի ավագանու ընտրությունները ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը որպես փայլուն եւ որակով է գնահատում: Այս մասին նա հայտնեց այսօր` ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստերի ավարտից հետո, մի քանի լրագրողների հետ զրույցում:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, թե այս ընտրություններն ավելի լա՞վն է գնահատում, քան նախագահական ընտրությունները, մեկ քայլ առա՞ջ է համարում, Աբրահամյանը հայտարարեց. «Նախագահականն էլ շատ լավ է եղել, նախագահականն ավելի լավ է եղել… Այս ընտրությունները համայնքային էին, համապետական չէին, պետք է տարանջատել»:

 

Մեր հարցին, թե ինչո՞վ էր բացատրված այս ընտրություններում թաղային հեղինակությունների ակտիվությունը, որը չկար նախագահական ընտրությունների ժամանակ կամ գոնե այդքան պարզորոշ արտահայտված չէր, Աբրահամյանը պատասխանեց. «Իմ կարծիքով` այստեղ էլ արտացոլված չէր: Երեւի այն ժամանակ լավ չեք նայել, եթե լավ նայեիք կարող է այն ժամանակ էլ, հիմա էլ… Սա ընտրություն է, ի՞նչ կապ ունի թաղային հեղինակությունը»:

 

Երբ ԱԺ նախագահին ասացինք, որ բոլոր ընտրատեղամասերի մոտ «քուչի տղերք» էին կանգնած, թաղային հեղինակություններ, Հովիկ Աբրահամյանը խնդրեց այդ ձեւակերպումներից իրեն հեռու պահել: «Էդ գողական ձեւակերպումներ` քուչի տղա, բան, էդ բաները ձեր լեքսիկոնից հանելու ժամանակն է»,- հորդորեց ԱԺ նախագահը:

 

Ի դեպ, ԱԺ նախագահը լրագրողների խնդրանքով անդրադառնալով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտնի արտահայտությանը, հայտարարեց, որ ԱԺ-ում ոչ մի գողական պատգամավոր չի տեսնում, բոլորը խորհրդարանական են:

 

«Եվ եթե որեւէ մեկը ինչ-որ մեկին գողական է ասում, թող ասի` իմանանք, ես չգիտեմ ում մասին է կոնկրետ խոսքը: Դեռ մինչեւ հիմա չի էլ ասել, չէ՞, ում մասին է խոսքը»,- նշեց Աբրահամյանը:

 

Yerkir.am-ի դիտարկմանը` մոտավոր ակնարկվում է, Աբրահամյանը հակադարձեց. «Բա ակնարկների մասին արժի՞ մենք խոսենք, մենք էդ մակարդակի մարդիկ չենք, որ ակնարկներին փորձենք արձագանքել»: