Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ ընդդիմությունն ասում է, որ երկրում գոյություն ունեն հանցավոր պաշտոնյաներ, նորմալ է, ինչ-որ տեղ` նաև տեղին ու օրինաչափ, բայց երբ գործադիր իշխանության ղեկավարը, որի հիմնական առաքելություններից մեկը հանցավոր տարրերին մեկուսացնելն ու պատժելն է, խոստովանում է, որ Հայաստանում կան հանցավոր տարրեր, արդեն տարակուսելի է. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը:
«Բոլոր նրանց, ովքեր վատ կարծիք են հայտնում, Փաշինյանն ուզում է պատժել, և դա վտանգավոր է: Ղարաբաղյան հակամարտության` Մինսկի խմբի ձևաչափով կարգավորման համատեքստում կա երեք սկզբունք, երրորդ կարևոր սկզբունքը ուժի կիրառման բացառման սկզբունքն է: Փաշինյանը փաստացի ուժի կիրառման սպառնալիք է հնչեցնում, ու դա` արդեն ոչ թե արտաքին, այլ ներքին քաղաքական համատեքստում: Ասելով, թե մանիպուլյացիոն բնույթի հայտարարություն տարածողներն իրենց ծնոտի վրա պետք է զգան կառավարության հակազդումը, անցնում է բոլոր տեսակի չափերն ու սահմանները: Հասկանո՞ւմ եք` քուչի բառապաշարը Փաշինյանին վատ խմբագրից ավելի առաջ չի տարել: Նա այդ բառապաշարով և ուժի սպառնալիքով փորձում է լռեցնել այն մարդկանց, որոնք, ըստ էության, կարող են անգամ ֆեյք ունենալ»,- նշեց Սամսոնյանը:
Ըստ նրա` Հայաստանում մարդիկ ֆեյք էջեր են բացում, որովետև ստեղծված է վախի մթնոլորտ: «Նիկոլ Փաշինյանի ալիևացման այս գործընթացը շատ հետաքրքիր հետագիծ է թողնում: Սկզբից բոլորին փռում ու ծեփռտում էին, հիմա արդեն ծնոտներին են տալիս, երեկ էլ արդեն մարդը խոստովանում է, որ իր ցուցումով, ոչ թե ցուցմունքի հիման վրա քրեական գործ է հարուցվում: Ալիևն էլ է նույն բանն անում, ուղղակի նա բացահայտ չի ասում այդ մասին»,- նշեց քաղաքագետը:
Սամսոնյանը նաև տեղեկացրեց, որ Փաշինյանին գովերգող ֆեյքերը 10 հազարի են հասնում, և իրենք դրանցից 6000-ին բացահայտել են: Ի դեպ, ըստ նրա, օրենքը կեղծ օգտահաշիվներ ունենալու ու ֆեյքերի գործունեությունը չի արգելում: «Փաշինյանի կողմակիցները կա՛մ պետք է օրենքի կարգավորում բերեն, կա՛մ պարզապես պետք է շարունակեն բուծել իրենց ֆեյքային ֆաբրիկաները»,- ամփոփեց Նարեկ Սամսոնյանը: