կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-30 23:44
Քաղաքական

ՀՀԿ-ի ''ավտարիտետներն'' են քարոզարշավ անում

ՀՀԿ-ի ''ավտարիտետներն'' են քարոզարշավ անում

Մեր կյանքի ամենամեծ պրոբլեմն այն է, որ մեր իշխանությունները հեռուստատեսությամբ, իրենց ելույթներով հայտարարում են մեկ բան, բայց իրականությունն այլ է. Արաբկիրում այսօր բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

 

Նա նշեց, որ իշխանություններն ասում են, որ մեր քաղաքը լավ է կառավարվում, որ ամեն անգամ ավելի լավ ընտրություն են անելու, որ ժողովրդավարությունն օրերով զարգանում է, բայց իրական կյանքում բոլորովին ուրիշ են իրողությունները:

 

«Հիմա տեսե’ք, որ այն ֆոնը, որ ստեղծել են` ընտրարշավ են անում, գործող քաղաքապետին` երիտասարդին, տանում են թաղերը, դպրոցներին, մանակապարտեզների դաստիարակներին, պետական եւ մասնավոր հիմնարկների աշխատողներին հավաքում են` մի 300 հոգի, նույն ճառն ասում է, նկարում են, ցույց են տալիս ամեն օր, ու թվում է, թե քարոզարշավ են անում: Բայց նրանց իրական աշխատանքն այդ չէ: Նրանց իրական աշխատանքն ամբողջությամբ ստվերում է: Միայն Ավան թաղամասում մեր ներկայացուցիչները հաշվել են, Տարոն Մարգարյանի, ոչ թե ՀՀԿ-ի, քանի որ սա կուսակցությունների ընտրություններ են, այլ ոչ անձերի, 158 շտաբ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ միջոցներ ու հնարավորություններ ունեն»,- ասաց Աղվան Վարդանյանը` նշելով, որ իշխանություններն այնտեղ են հասել, որ առանց ամաչելու մարդկանց փող են տալիս, ուղարկում են փողոցներ, տներ, եւ նրանք ընդդիմադիր կուսակցությունների բուկլետները հավաքում, տանում-հանձնում են Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբներին ու փող ստանում դրանց դիմաց:

 

ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչը շեշտեց, որ քաղաքի դպրոցների, մանկապարտեզների դահլիճներում հավաքում են թաղի, այսպես ասած, «լավ տղերքին», քեֆեր են անում, որ նրանք երեւանցիների վրա ազդեն ու իրենց համար ձայն բերեն: Որպես օրինակ` Աղվան Վարդանյանը հիշատակեց վերջերս Սախարովի հրապարակի հարեւանությամբ գտնվող մանկապարտեզում տեղի ունեցած կերուխումը:

 

«Թաղային հեղինակությունները` «ավտարիտետները», պտտվում են ամբողջ Երեւանով մեկ, իրենց նման «բաներին» հավաքում են, աշխատում են: Մարդիկ կան, որ Արաբկիր արդեն երրորդ անգամ են գալիս իրենց «սխոդկաներն» անում… Ընդդիմադիր թեկնածուները գնում են քարոզարշավի, մեկ էլ մի լակոտ կանգնում է, թե այս շենքը Հանրապետական է, այս շենք չմտնեք»,- ասաց Աղվան Վարդանյանը:

 

ՀՅԴ խմբակցության քարտուղարը անդրադարձավ այն ահազանգերին, որ մամուլն է գրում, որ բանակից 5 օրով արձակուրդ են տալիս այն երեխաներին, ում համար տեղի ՀՀԿ-ականներից մեկը երաշխավորում է, որ եթե այդ երեխան գնա տուն, այդ ընտանիքը կքվեարկի Տարոն Մարգարյանի օգտին: Բայց ՊՆ-ն պաշտոնական հայտարարություն է անում, թե սուտ է, այդպիսի բան չկա: Վարդանյանը շեշտեց, որ մարդիկ կան, որ այդ ամենը տեսնում են, մարդիկ տեսնում են, թե իրականում ինչ է կատարվում:

 

«Տեսե’ք, թե ինչ է կատարվում մեր պետական հիմնարկներում, դպրոցներում, մանկապարտեզներում եւ այլն: Լավ, բա մեղք չե՞ն մեր ուսուցիչները, դաստիարակները, բոլորին զոռով Հանրապետականում են գրանցում, նշանները կպցնում են` ՀՀԿ-ական չեղավ, ասում են կհեռացնեն գործից, գցում են տնետուն, ասում են` գանցեք ու ձայն բերեք: Այս ցուցակներ կազմելը, ստիպողաբար ընտրել պարտադրելը եւ այլն: Մարզպետներից մեկը հայտարարել է, որ ինքը 40 հազար ձայն է տալու Տարոն Մարգարյանին...»,- շեշտեց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչը` հավելելով, որ համատիրություններին այսօր «ձեւել են» տեղամասերի վրա:

 

Նա նշեց, որ այս իրականությունը բոլորը տեսնում են եւ գիտեն մեկ բան` մեր ժողովրդի 90 տոկոսը փոփոխություն է ուզում: Այնուհետեւ Վարդանյանն ասաց, որ այդ փոփոխությունները չեղան նախագահական ընտրությունների ժամանակ, վարչապետին նախագահը չփոխեց` 5 տարի ձախողել են, այժմ նորից նույնն է լինելու, մի քանի օրից կառավարություն են ձեւավորելու, որը 99 տոկոսով նույնն է լինելու:

 

«Ով ուզում է, որ Երեւանում, Հայաստանում վիճակն այսպես մնա, իսկ այսպես էլ չի մնալու, ավելի է վիճակը վատանալու, թող գնա ու քվեարկի ՀՀԿ-ի օգտին: Իսկ ով ուզում է, որ բան փոխվի այս երկրում, զարգացում լինի, դրական բաներ կատարվեն, պիտի գնա ու ընտրի ՀՅԴ-ին»,- կոչ արեց Աղվան Վարդանյանը: