կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-30 16:35
Մշակույթ

Հայ կինոն կապացուցի իր կարեւորությունը

Հայ կինոն կապացուցի իր կարեւորությունը

Ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխությանը Հարություն Խաչատրյանն արժանացավ երկու մրցանակի` «Լավագույն ռեժիսոր» եւ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգերում` «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի համար: Սակայն «Լավագույն ռեժիսոր»-ի իր մրցանակը նա տվեց Մարիա Սահակյանին` պատճառաբանելով, որ երիտասարդներին պետք է խրախուսել:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Խաչատրյանը նշեց, որ ուրախալի է այն փաստը, որ նոր մարդիկ, նոր ուժ եւ բոլորովին նոր ոճ կա հայկական կինոյում: Ըստ նրա` առաջիկա տարիներին հայ կինոյի տեսակը կապացուցի Եվրոպային իր կարեւորությունը:

 

«Գիտեք` ինչ դժվար է քիչ գումարով ստեղծել լավ ֆիլմ: Վերջին տարիներին նկատել եմ, որ կան մի շարք երիտասարդներ, ովքեր մտել են կինո, եւ կարծում եմ, որ 2-3 տարի հետո երիտասարդները կասեն իրենց խոսքը հայկական կինոարվեստում: Վստահ եմ` 2-3 տարի հետո ես հպարտությամբ եմ հիշելու իմ այս խոսքերը եւ ասելու, որ ես դա կանխորոշել էի: Ես երիտասարդներին շատ եմ օգնել «Ոսկե ծիրան»-ով եւ պատրաստ եմ համագործակցել նրանց հետ»,- ասաց Խաչատրյանը` հավելելով, որ վերջին շրջանում նաեւ շատ լավ ֆիլմեր են նկարվում, բայց, ցավոք, դրանց քանակը քիչ է. «Անհրաժեշտ է ավելացնել նոր ֆիլմերի քանակը: Մենք ունենք դրանց կարիքը»: