կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-23 16:10
Իրավական

Odnoklassnik-ի 2 օգտատիրոջ անհատական էջերին տիրացած անձի ինքնությունը պարզվել է

Odnoklassnik-ի 2 օգտատիրոջ անհատական էջերին տիրացած անձի ինքնությունը պարզվել է

Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է այն անձը, ով ապօրինի տիրացել է Odnoklassniki.ru սոցիալական կայքի 2 օգտատերերի անհատական էջերին և դրանք անվանափոխել:



ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում 2013թ. փետրվարի 18-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ 2013թ. հունվարի 22-ին Nar անհատական էջի օգտատերը Odnoklassniki.ru սոցիալական կայքում Հ.Ներսիսյանի հետ ունեցած նամակագրության ընթացքում հայտնել է, որ կկոտրի նրա անհատական էջը, եթե վերջինս հրաժարվի ընդունել ընկերանալու իր հրավերը:



Հետագայում Հ.Ներսիսյանը, չկարողանալով մուտք գործել իր անհատական էջ, նկատել էր, որ այն անվանափոխված է: Բացի այդ` պարզվել էր նաև, որ նույն ժամանակահատվածում անհայտ անձն ապօրինի տիրացել է նաև Հ.Ներսիսյանի ընկերոջ` Ս.Համբարձումյանի` Odnoklassniki.ru սոցիալական կայքի անհատական էջին:

 

Հանցագործության բացահայտմանն ուղղված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Odnoklassniki.ru սոցիալական կայքի վերոնշյալ անհատական էջերին տիրացել է Ն.Գրիգորյանը, ով օգտագործել է ընկերոջ` Գ.Հակոբյանի համակարգիչը:
Նախաքննության ընթացքում Ն.Գրիգորյանը խոստովանել է կատարած արարքը:



Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: