կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-20 12:09
Հասարակություն

Միշտ իմացել եմ` ում ազգանունն եմ կրում. Ասպրամ Կրպեյան

Միշտ իմացել եմ` ում ազգանունն եմ կրում. Ասպրամ Կրպեյան

Ապրիլի 21-ին ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա դուստրը` Ասպրամ Կրպեյանը, նշեց, որ ինքը 1 տարեկան է եղել, երբ հայրը զոհվել է, սակայն մինչ օրս երբեւէ չի զգացել նրա բացակայությունը:

 

«Ես անընդհատ զրուցում եմ նրա հետ եւ իմ բոլոր որոշումները ընդունում` հաշվի առնելով այն, թե նա ինչ կարծիք կունենար այդ մասին: Մայրս ինձ այնպես է խնամել, որ ես երբեւէ անհայր մեծացող երեխայի հոգեբանությունը չեմ ունեցել: Ավելին` ես ինձ հպարտ եւ պարտավորված եմ զգում, քանի որ միշտ իմացել եմ` ում ազգանունն եմ կրում եւ ուր եմ գնում»,- ասաց Ասպրամը:

 

Կրպեյանի մարտական ընկեր, լիբանանահայ Սիմոն Գալֆայանը նշեց, որ իրենք պատրաստում էին մարտիկներին, որպեսզի ծանր պահերին ճիշտ որոշումներ կայացնեին, սակայն, ըստ նրա, Թաթուլին պատրաստելու կարիք չի եղել, քանի որ նրա կամքն ու ուժը լիովին բավարար էին:

 

«Թաթուլն իր կյանքով մեզ օրինակ ծառայեց, եւ հիմա նույնպես մեր մատաղ սերունդը պետք է նրանից օրինակ վերցնի, այլ ոչ թե սերիալների կերպարներից: Պատկերացնում եք` մարդ ինչքան անվախ պետք է լիներ, որ Գետաշենը հսկեր: Թաթուլը բացառիկ մարդ էր»,- ասաց Գալֆայանը:

 

ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը /Ապարանցի Պավլիկը/ իր հերթին նշեց, որ միշտ դժվարացել է խոսել երկուսի` Կարոտ Մկրտչյանի եւ Թաթուլ Կրպեյանի մասին: Ըստ նրա` Թաթուլը ոչ միայն խրոխտ հոգի ուներ, նաեւ մշակութային անձ էր եւ շատ սակավապահանջ` իր համար:

 

«Կուզեի, որ Թաթուլը մեկ րոպեով կենդանանար, եւ հետաքրքիր է` շա՞տ հերոսներ կկարողանային նայել նրա աչքերին. հերոսներից շատերը խեղվել են ու շեղվել ճանապարհից: Թաթուլի գերեզմանը մեզ համար պետք է սրբատեղի լիներ, իսկ նա սրբերի դասին կարգվեր, քանի որ արեց նույնը, ինչ Աստծո որդին` զոհելով իր կյանքը` փրկեց մի ամբողջ ժողովրդի»,- ասաց Մանուկյանը` հավելելով, որ Թաթուլն իր ընտանիքին, բացի ցավից եւ զրկանքից, ոչինչ չի տվել. «Այն, ինչ տվել է, մեզ` բոլորիս է տվել, իսկ իր ընտանիքին իրենից հետո միայն ցավ է թողել»:

 

Ըստ նրա` այժմ շատ կուսակցություններ փորձում են սեփականաշնորհել հերոսներին, նրանց փոխարինել գողական դեմքերով. «Ապրիլի 2-ին Պռոշյանում տեղի ունեցավ այն, ինչի դեմ միշտ պայքարում էր Թաթուլը»: