կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-21 17:39
Քաղաքական

Այսօր Նժդեհի հիշատակի օրն է. նրան անմահացնելու միակ ուղին նրա գաղափարներն իրականացնելն է

Այսօր Նժդեհի հիշատակի օրն է. նրան անմահացնելու միակ ուղին նրա գաղափարներն իրականացնելն է

Հայ ժողովուրդը ծնել է մեծանուն հերոսների, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել օտարների որդեգրած ծավալապաշտական քաղաքականությանը դիմակայելու համար: Այդպիսի  նշանավոր հերոսներից է Լեռնահայաստանի հիմնադիր,  մեծանուն զորահրամանատար Գարեգին Նժդեհը, որի գործունեության արժևորումն օրվա հրամայական է: Այսօր է, որ ժամանակակից հայը Գ. Նժդեհից պետք է սովորի անմնացորդ և գործնական հայրենասիրություն, հայրենաճանաչություն, հայրենատիրություն, հայրենապաշտություն և ցեղի պաշտանմունք՝ որպես միակ ազգահավաք գործոն։ Այսօր և գրեթե միշտ արդիական է Նժդեհի` Ղարաքիլիսայի ճակատամարտում ասած խոսքը` «Դեպի ճակատ, այնտեղ է մեր փրկությունը». այդպես շեշտադրվում է սեփական ուժերին ապավինելու ռազմավարությունը։

Հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովրդի բնօրրանը` Հայկական լեռնաշխարհը, դարձել էր գերեզման, ամենուրեք տիրում էր խավարը, իսկ  խավարն այնքան ուժգին էր, որ պատել էր անգամ հայի միտքը։ Այսպիսին էր իրավիճակը, երբ 1918 թ. Մայիսյան հերոսամարտերի օրերին Գ. Նժդեհին նախ հաջողվեց Դիլիջանի՝ մայիսի 23-ին տեղի ունեցած հանրահավաքում վերջ տալ պարտվողական տրամադրություններին, ապա և իր հեծյալ ջոկատով սկսել Ղարաքլիլիսայի հերոսամարտը։

«Ցեղակրոնությունը»` որպես գաղափարախոսություն։

Գարեգին Նժդեհը հիմնադրեց «ցեղակրոնությունը»։ Որպես գաղափարախոսություն՝ «ցեղակրոնությունը» դրսևորվել է Մ. Խորենացու «Հայոց պատմության», Սիամանթոյի՝ Ցեղին ձոնված բանաստեղծություններում: Զանգեզուրի հերոսական դիմադրությունն ու փաստացի հաղթանակը, ամենայն հավանականությամբ, դարձան այն գլխավոր ելակետը և խթանը, որ Գ. Նժդեհի մոտ բյուրեղացրին ցեղի պաշտանմունքի գաղափարը: Դա առավել կոնկրետացավ Հայաստանի Հանրապետության անկումից հետո, երբ ցեղասպանություն ապրած հայ ժողովուրդը, զրկվելով նաև ինքնիշխան պետականությունից, ազգային ուծացման ու ինքնության կորստի առջև էր հայտնվել։ Նժդեհը հայրենասեր, մեծ մարդ էր, իսկ «ցեղակրոնության» հիմքում հայրենասիրությունն է. վերջին հաշվով՝ ցեղակրոնությունը հայրենասիրությունն է, սակայն Նժդեհի մոտ այդ գաղափարախոսությունը բարձրացվում է հայրենապաշտության, ցեղի պաշտամունքի մակարդակի։

 Մեր օրերում, երբ հայ ժողովուրդն ապրում է ծանրագույն մի ժամանակահատված, հայ մարդու համար ցեղակրոնությունը փրկարար դեր կարող է ունենալ, քանի որ լինել հայրենասեր, հայրենապաշտ՝ նախ և առաջ նշանակում է լինել ազնիվ մարդ, քաղաքացի։ Չէ՞ որ  ցեղակրոն է համարվում Հայրենիքին նվիրված մարդը, և միայն նա կարող է կոչվել ցեղակրոն անձ:

Հարց է առաջանում՝ ո՞րն է պատճառը, որ մերօրյա ժամանակաշրջանում Գարեգին Նժդեհին մեղադրում են ֆաշիզմի մեջ։ Ինչո՞ւ: Իտալական ֆաշիզմը, ապա՝ և գերմանական նացիոնալ-սոցիալիզմ-ֆաշիզմը՝ հատկապես, գերմանական  «արիացի» ազգի բացառիկության գաղափարը հակադրում էին այլ ազգերին, ավելին՝ բարձրացնում էին նրանց ոչնչացման ծրագիրը (հրեաներ, սլավոններ, գնչուներ և այլն): Այսինքն՝ իրենց, գերմանացի ցեղին հակադրում էին այլոց և, փաստորեն, նրանց ֆիզիկական ոչնչացման ճանապարհով փորձում էին ընդգծել իրենց բացառիկությունը:

Գ. Նժդեհի ցեղակրոնությունն ինքնապաշտպանական առաքելություն ունի: Թուրքական շրջապատման մեջ և Սփյուռքի ձուլման վտանգի առջև այդ գաղափարախոսությունը միմիայն հայապահպանություն է իրականացնում և ուղղված չէ որևէ այլ ժողովրդի դեմ: Անգամ բոլշևիկների առաջնորդ Վ. Լենինն է նշել, որ փոքր ազգերի տեղական նացիոնալիզմը (ազգայնականությունը) ունի ինքնապաշտպանական ֆունկցիա։

Արդյո՞ք  Գարեգին Նժդեհը կարիքն ուներ  1992 թ. ՀՀ դատախազության կողմից իր արդարացմանը։ Կարծում ենք՝ ոչ. Գ. Նժդեհը արդարացման կարիք չուներ։

Իսկ ի՞նչ պետք է անի հայ մարդը, որպեսզի ադրբեջանա-թուրքական կոալիցիան, վախենալով անգամ Նժդեհի անունից, աշխարհով մեկ չպախարակի և չանարգի նրան: Գ. Նժդեհի գործն ու անունն անմահացնելու միակ ուղին նրա գաղափարներն իրականացնելն է։

                                                                                         Լենա Կարապետյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող