կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-12 14:38
Հասարակություն

Պետրոս Մեծի հուշարձանը` հայ ժողովրդի երախտիքի վկայություն

Պետրոս Մեծի հուշարձանը` հայ ժողովրդի երախտիքի վկայություն

«Ազնիվ հայ ժողովրդին պահել առանձնահատուկ ողորմածությամբ: Հրամայել ենք նրանց վաճառականությանը ոչ միայն պաշտպանել, այլև առավել մեծ շահի ու օգուտի համար որոշ առանձին արտոնություններով էլ կօժտենք ու ամենաողորմած ձևով բարյացակամ կլինենք»: Սրանք Ռուսաստանի կայսր Պետրոս Առաջինի խոսքերն են: Մի շարք հրամաններում նա քաջալերել է հայերի վերաբնակեցումը Ռուսաստանում, նրանց էական աջակցություն ցուցաբերել:

 

Սանկտ Պետերբուրգի հայությունը վճռել է իր երախտիքը հայտնել մեծ բարենորոգչին: «2009-ին, Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի 300-ամյակի միջոցառումների ծրագիրը մշակելիս հիշում էինք Պետրոս Առաջինի առանձնահատուկ վերաբերմունքը հայերի նկատմամբ, եւ ինձ մոտ ցանկություն առաջացավ հուշարձան կառուցել՝ ի նշան մեր ժողովրդի երախտիքի», - ասում է պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանը: 

 

Նրան շուտով հայտնի դարձավ, որ հարեւան Կիրովսկի ծայրամասում՝ Կրասնիե սոսնի (Կարմիր սոճիներ) կոչվող վայրում, 1845թ.-ին Պետրոս Առաջինի հիշատակին հուշարձան էր կանգնեցվել, որը քանդվել էր Մեծ հայրենականի տարիներին: Եվ բարերարը վճռեց վերականգնել Սպիրիդոնով քարտաշ եղբայրների ստեղծած հուշարձանը: 2012-ի մայիսի 11-ին Կիրովսկի կենտրոնում՝ Նեւայի ափին գտնվող զբոսայգում, օծվեց հողը, որտեղ 2013-ի հունիսի 9-ին բացվելու է կայսեր վերականգնված հուշարձանը:

 

«Երբ որեւէ բան ենք վերակառուցում, ակամա վերականգնում ենք նաեւ պատմությունը: Այն ժողովուրդը, որը մոռանում է իր պատմությունը, լեզուն, մշակույթը, ինքն էլ է վերանում: Ուստի, յուրաքանչյուր փոքրիկ հուշարձանի վերականգնմամբ, իրականում վերակենդանացնում ենք ժողովրդի մեծ պատմությունը»,- հուշարձանի կանգնեցման վայրն օծելուց հետո ասաց Սանկտ Պետերբուրգի թեմի Կիրովսկի շրջանի հոգևոր հովիվ ավագ քահանա Վյաչեսլավ Խարինովը:  


Կիրովսկի քաղաքագլուխ Ալեքսեյ Կոլցովն, իր հերթին, ընդգծեց, որ իր ղեկավարած քաղաքը բավականին երիտասարդ է: «Անչափ ուրախացանք, երբ իմացանք, որ Հրաչյա Պողոսյանը վճռել է վերականգնել Պետրոս Առաջինի հուշարձանը: Սա վկայությունն է այն բանի, որ այս վայրը վաղեմի պատմություն ունի: Հսկայական կարեւորություն ենք տալիս այս նախաձեռնությանը»,- հավելեց նա:  

 

Հուշարձանը ամբողջությամբ կրկնելու է Սպիրիդոնով եղբայրների գործը եւ ունենալու է սեւ գրանիտե գնդով ավարտվող կոնի տեսք: Փոքրիկ փոփոխություններից մեկը Պետրոս Մեծի մարմարե հարթաքանդակն է:  Մարտին Սանկտ Պետերբուրգի ձուլարաններից մեկում պատրաստվեց դրա բրոնզե պատճենը՝ վանդալների հարձակումներից ապահովագրվելու եւ բնօրինակի վնասվելու դեպքում այն արագ վերականգնելու համար:

 

Հուշարձանի վերականգնման նախագծի ղեկավար Արմեն Գաբրիելյանի խոսքով` ներկայումս աշխատանքները մտել են ավարտական փուլ: «Շինարարական աշխատանքներն ավարտին են մոտենում, արդեն անցել ենք քանդակագործական փուլին: Շուտով պատրաստի քանդակները կտեղադրենք հուշարձանի վրա»,- ասաց նա:  

 

Հարթաքանդակի հեղինակը քանդակագործ Լյովա Բեյբությանն է, ով այն պատրաստել է ՌԴ դաշնային ճարտարապետ Վալերի Կուզմինի նախագծով: Պետրոս Մեծին նվիրված հուշարձանի վերականգնման նախագիծը Կուզմինը կազմել է՝ արխիվային նյութերի վրա հիմնվելով:  «Ուսումնասիրվել է նաեւ տարածքը: Այնտեղ, որտեղ նախկինում եղել է հուշարձանը, այժմ թնդանոթ է տեղադրված՝ ի հիշատակ Լենինգրադը շրջափակումից ազատագրած զինվորների: Ուստի Հրաչյա Պողոսյանը՝ Կիրովսկի ղեկավարության հետ, հուշարձանի կանգնեցման նոր վայր ընտրեց: Այնտեղ էլ վերակերտվում են դրա բոլոր բաղադրիչները՝ կոթողը, այն շրջապատող հրապարակը, քարե պարիսպը, ծառուղին եւ դեպի Նեւա տանող զառիվայրը»,- ասում  է Կուզմինը: 

 

Միակ փոփոխությունն այն է, որ նախկինում հուշահամալիրը ներառել է նավամատույց՝ Նեւայի ափին: Այսօր այն օբյեկտիվ պատճառներով փոխարինվելու է դիտահրապարակով: 


Գ. Մ.