Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի» գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք, որ նախկին մարզպետը 2013թ. օգոստոսին հայցադիմում է ներկայացրել դատարան` Սամվել Հարությունյանից պահանջելով հերքել իրեն վիրավորելու եւ զրպարտելու մասին տեղեկությունները և, որպես փոխհատուցում, վճարել 1,5 միլիոն դրամ: Սուրիկ Խաչատրյանը վիրավորանք եւ զրպարտություն է համարում Գորիսի նախկին քաղաքապետի` «Առավոտ» օրաթերթում հրապարակած այն տեղեկությունները, թե Սուրիկ Խաչատրյանը կրակել իր սիրուհի Արեւիկ Միրզոյանի վրա, սպանել չծնված երեխային, ինչպես նաև կրակել ոմն Անուշավան Առուշանյանի վրա: Այս երկու դրվագների վերաբերյալ ժամանակին (1991-1994թթ.) հարուցվել են քրեական գործեր, սակայն կարճվել են:
Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը մեզ տեղեկացրեց, որ այդ գործերում նախկին մարզպետը ներգրավված չի եղել ո'չ որպես մեղադրյալ, ո'չ էլ որպես վկա:
Այսօրվա նիստում Զիլֆուղարյանը միջնորդեց գործում որպես երրորդ անձ ներգրավել Անուշավան Առուշանյանին, ով, ըստ նրա, գրավոր կերպով հերքել է, թե Սուրիկ Խաչատրյանը կրակել է իր վրա, և այժմ նա շահագրգիռ է գործի ելքով: Պատասխանողի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը, սակայն, ակնհայտ անհիմն որակեց միջնորդությունը` հիշեցնելով, որ վեճի առարկան Սուրիկ Խաչատրյանի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելն է, այլ ոչ թե այլ անձի պատվի և արժանապատվության հարցը: Ըստ նրա` եթե Առուշանյանը համարում է, որ իր պատվին և արժանապատվությանը վնաս է հասցվել, կարող է դիմել դատարան: Դատավոր Գայանե Կարախանյանը մերժեց հայցվորի միջնորդությունը:
Նշենք, որ նախորդ անգամ էլ նախկին մարզպետի ներկայացուցիչը միջնորդել էր գործում որպես երրորդ անձ ներգրավել Արեւիկ Միրզոյանին, ինչը, սակայն, դատավորը նույնպես մերժել էր: Փոխարենը այսօր դատավորը բավարարեց փաստաբանի` թվով 6 վկաների գործում ներգրավելու եւ դատարան հրավիրելու միջնորդությունը: Այսպես` որոշվեց որպես վկա ներգրավել Սուրիկ Խաչատրյանի վարորդին` Արագած Ղեւոդյանին, «նախկին սիրուհուն»` Արևիկ Միրզոյանին, նախընտրական շտաբի պետի տեղակալներ Սուրեն Բաղդասարյանին և Վլադիմիր Բաղդասարյանին, ինչպես նաև նախկին քննիչ Համլետ Զաքարյանին: Զիլֆուղարյանը վստահ է, որ այս անձինք կարող են հերքել Սամվել Հարությունյանի հրապարակումները:
Խաչատրյանի փաստաբանը միջնորդեց հետաձգել այսօրվա դատական նիստը` գործով այլ ապացույցներ ներկայացնելու համար: Դատավորը բավարարեց այն, և հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 16-ին: