Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով նախօրեին վկայություն է տվել Թուրքիայում մաֆիայի պարագլուխ Քյուրշաթ Յըլմազը:
Ըստ Gazetevatan-ի՝ նա սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել` պնդելով, թե Թուրքիայում ահաբեկչական համարվող «Հիզմեթ» խմբավորման ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցները Անկարայում նրան առաջարկել են կազմակերպել Դինքի սպանությունը:
Միջանկյալ նշենք, որ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում է Թուրքիայում նախորդ տարվա հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Թուրքիան ջանքերը չի խնայում՝ իրականացնելու ամերիկաբնակ Գյուլենի արտահանձնումը:
Յըլմազը նշել է, որ Դինքի սպանությունից առաջ նրան հանդիպման են հրավիրել «Հիզմեթ»-ի՝ Անկարայում գործող ներկայացուցիչներից մեկի` ոմն իմամ Իսմայիլ Է.-ի հետ ու խոսել Դինքի մասին: «Իսմայիլ Է.-ն ասաց, որ Դինքը փորձում է Թուրքիայում հայկական լոբբին ակտիվացնել: Նրանք ինձ առաջարկեցին լինել այդ համախմբման մաֆիան: Ասացին, որ Դինքը մեծ վտանգ է ներկայացնում այս երկրի համար, և առաջարկեցին ստանձնել նրա սպանության գործը», - ասել է նա:
Յըլմազի խոսքով՝ Իսմայիլ Է.-ն իր հետ խոսել է նաև ձախակողմյան քաղաքական կողմնորոշում ունեցող քուրդ ալևիների մասին և նշել նրանց համայնքի ականավոր գործիչներին ոչնչացնելու անհրաժեշտության մասին:
«Երբ չընդունեցի նրանց առաջարկը` սկսեցին իմ և ընկերուհուս՝ Թուղբա Օզայի դեմ թակարդ լարել», - ասել է նա՝ պատմելով, թե իբր գյուլենականներն «իրենց ուժը ցուցադրելու համար» ցույց են տվել այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ռեջեփ Թայիփ էրդողանի նստավայրն ու ասել. «Եթե ուզենք` այստեղից վարչապետին անգամ կխփենք»:
Նշենք, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո թուրքական իշխանությունները Դինքի սպանության գործը փորձում են բարդել ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ մեղադրվող` Էրդողանի գլխավոր ընդդիմադիր, ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենի վրա: