կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-29 16:55
Հասարակություն

Երախտիքի տուրք՝ Արամ Մանուկյանի հիշատակին. լուսանկարներ

Երախտիքի տուրք՝ Արամ Մանուկյանի հիշատակին. լուսանկարներ

Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի կիսանդրու առջև հունվարի 29-ին հարգանքի տուրք մատուցվեց պետական և հասարակական գործչի մահվան 99-րդ տարելիցի կապակցությամբ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաև Հայ Յեղափոխական Դաշնակցության գործիչները, ովքեր ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին գործչի կիսանդրու առջև:

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ Արամ Մանուկյանը բացառիկ ազգային պետական գործիչ էր, և նրա կյանքն ու ամբողջ գործունեությունը օրինակ է, թե ինչպիսին պետք է լինի իր ազգին նվիրված և ծառայող հայ մարդը:

«Այս տարի միջոցառումներն անցնելու են պետականության վերականգնման 100-ամյակի ոգով: Արամ Մանուկյանը, բնականաբար, այդ գործընթացի առաջամարտիկն ու այդ ամբողջ տոնակատարությունների առանցքային անձնավորությունն է, ով նաև մարմնավորում է մեր պետականության վերականգնումը: Նա շատ ուսանելի կենսագրություն է ունեցել, ուստի այս առիթը պետք է օգտագործել և ավելի լայնորեն ներկայացնել նրա գործունեությունը մեր ժամանակակից սերնդին, թե ինչպես կարելի է ողջ կյանքը նվիրել պետությանն ու ազգին»,- նշեց Ռուստամյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով` Արամ Մանուկյանը Հայաստանի առաջին հանրապետությունում զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը, որն այդ ժամանակաշրջանում եղել է կարևորագույն պաշտոններից մեկը:

«Հանրապետությունն առանց կարգ ու կանոնի չէր կարող որպես պետություն ձևավորվել, և այդ հիմքերը հենց Արամ Մանուկյանն է դրել»,- ասաց Ռուստամյանը: