Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան տարեդարձն է, հետեւաբար` մանկական գրքի միջազգային օրը: Այսօր մեկնարկեց նաեւ մանկապատանեկան գրականության շաբաթը ՀՀ-ում:
Ներկայացնում ենք մանկագիր Էդվարդ Միլիտոնյանի «Ոսկին» հեքիաթը:
***
Ժամանակով մի պառավ կար, ուներ չորս հավ ու մի աքաղաղ: Ահա թե ինչ փորձանք բերին հավերն ու աքաղաղը խեղճ պառավի գլխին: Մի օր հավերը կչկչալով քուջուջ էին անում ավելուկների մեջ, խոսում էին իրենց կերկուրի համից, պահապան պառավի բարությունից, երբ մեկ էլ հավերից սպիտակը զվարթ կչկչոցով իր մոտ կանչեց սևուկին, դեղնուկին, չալպտուրիկին: Նա իր ոտքի տակ սեղմել էր մի դեղնափայլ մետաղ ու կանչում էր.
-Ոսկի՜ եմ գտել, ոսկի՜:
Սևուկն ասաց՝ ոսկի է, դեղնուկն ասաց՝ չէ մի չէ, չալպտուրիկը խնդաց՝ ադամանդ է: Տեսնելով հավաքված հավերին՝ մոտեցավ աքաղաղը՝ հարցրեց.
-Էդ ի՞նչ է:
-Ոսկի,- պատասխանեց սպիտակը:
Աքաղաղը նայեց, նայեց, ուզեց ասել՝ ոսկի է, բայց վախեցավ՝ սխալվի, հավիկների մոտ և կատարը ճոճելով՝ ասաց.
-Տանենք մեր պառավին ցույց տանք:
Պառավը, թախտին նստած, ձեռնոց էր հյուսում, երբ հավիկն ու աքաղաղը ներս վազեցին, թե տե՛ս՝ ի՛նչ ենք գտել: Ծերացած աչքերով նայեց ու ոչինչ չհասկացավ.ախր խեղճը երբեք թանկարժեք ոչինչ չէր տեսել ու քթի տակ ասաց.
-Տարե՛ք մեր քաղաքի ոսկերիչի մոտ:
Հավերն ու աքաղաղը վազելով գնացին քաղաքային հրապարակում գտնվող ոսկերիչի կրպակը: Շատ բան տեսած խորամանկ ոսկերիչը տնտղեց մետաղն ու ծաղրեց հավերին, մանավանդ աքաղաղին:
-Հավի խելք ունեք, էլի, հո զոռով չի, հասարակ թիթեղ եք բերել: Բա դու գոնե աքաղաղ ես, դո՞ւ էլ չես հասկանում:
Աքաղաղը թևերը բացեց, շփոթված կմկմաց.
-Դե, ես մտածեցի, որ ոսկի չի, բայց...
-Դե այդ գցե՛ք էստեղ, հետներդ մի՛ տարեք. տեսնողները կծիծաղեն ձեզ վրա:
Սպիտակը վիրավորված նետեց մետաղը ոսկերիչի կրպակի շեմին ու փորուփոշման գնաց փքված աքաղաղի հետևից: Ճանապարհին աքաղաղը կտցահարեց սպիտակին ու շշպռեց.
-Քեզնից մեծ գործեր ես բռնում, հավությունդ արա էլի:
Իսկ ոսկերիչն այդ ժամանակ վերցրեց դեղնափայլ մետաղը, փեշով սրբեց ու ծիծաղեց.
-Հավ եք, էլի, հավ:
Բայց արի ու տես, որ թագավորի սպասավորներից մեկը կրպակի մոտով անցնելիս լսել էր հավերի ու ոսկերիչի զրույցը: Նա ամեն ինչ պատմեց թագուհու նաժիշտին, նա էլ՝ թագուհուն, թագուհին էլ՝ թագավորին: Հեծյալ զիվորները եկան, կանգնեցին կրպակի մոտ, առանց բարևի ներս մտան և ոսկերիչի թևերը ծալած՝ դրեցին ձիուն ու տարան: Թագավորը հոխորտաց.
-Ոսկերիչ ես ու հավերի՞ն ես թալանում, ավազակ, բա ո՞ւր է քո խիղճը:
Ոսկերիչը կմկմաց.
-Նրանք չգիտեին, որ սա ոսկի է, ճիշտն ասած, ես էլ էի կասկածում:
-Հարյուր անգամ մտրակե՛ք,- հրամայեց թագավորն ու նրանից խլեց ոսկու կտորը:
Հաջորդ առավոտ թագավորի մոտ բերեցին ոտքերը կապած հավերին, աքաղաղին ու խեղճ պառավին:
Թագավորը բղավեց.
-Պառա՛վ, չես կարողանում հավերիդ տիրություն անել, թողել ես քանդեն իմ իշխանության սուրբ ավերակները, թալանել են իմ պապերի հարստությունը:
-Ի՞նչ հարստություն, - վախից լեզուն կծեց հավատերը:
-Աքաղա՛ղ, տեսե՞լ է,- դիմում է թագավորը աքաղաղին:
-Տեսել է, ձերդ գերազանցություն,- միասին կչկչացին կապկպած հավերը:
-Հիմա տեսա՞ր, որ չես կարող ինձ խաբել,- հոխորտաց արքան ու հրամայեց հավերին մորթել, և որպես սարսափելի պատիժ՝ աքաղաղի կատարը կտել ու բաց թողնել:
Թագավորը հրամայեց քանդել պառավի տնակն ու փնտրել ոսկու կարասներ ու կճուճներ: Իսկ երբ քանդեցին պառավի տնակը՝ ոչինչ չգտան ու չգտան... Գիշերուզօր փորեցին, քուջուջ արեցին արքայի զինվորները, ոչինչ չգտան ու դարձան սպիտակ, սևուկ, դեղին, չալպտուրիկ հավեր: Իսկ արքան հիասթափությունից նմանվեց կատարը կտրած աքաղաղի ու ամեն առավոտ ավերակների պարիսպներից նրա սրտաճլմլիկ ծուղրուղուն էր տարածվում իշխանության վրա: