Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեկ շաբաթ էլ չի անցել, ինչ կառավարության նիստում քննարկվեց նույնականացման քարտերի խնդիրը, բայց, միեւնույն է, քաղաքացիներից շարունակում են անձնագիր պահանջել:
Yerkir.am-ի խմբագրություն էր զանգահարել մի քաղաքացի եւ հայտնում էր, որ իր եղբորից «Ֆինկա» ՈւՎԿ-ում ինչ-որ գործարք իրականացնելու համար անձնագիր են պահանջել: Երբ վերջինս ներկայացրել է նույնականացման քարտը, նրան ասել են, որ իրենց մոտ կա ընդունված կարգ, ըստ որի` քաղաքացիները պետք է ներկայացնեն անձնագիր:
Մեզ զանգահարողը հայտնեց, որ արդյունքում իր եղբայրը կանգնել է փաստի առջեւ. վստահել է հայրենի կառավարությանը, որ նույնականացման քարտը ՀՀ ամբողջ տարածքում համարվում է անձը հաստատող փաստաթուղթ, ձեռք է բերել այն, բայց այժմ խնդիրներ է ունենում:
Եվ սա այն դեպքում, երբ վարչապետը կառավարության վերջին նիստից առաջ ծավալուն ներածականով հանդես եկավ, պարզաբանում պահանջեց այս հարցի կապակցությամբ, իսկ ՀՀ փոխոստիկանապետը, արդարադատության նախարարը, ԿԲ նախագահը, կառավարության աշխատակազմի ղեկավարն ու այլք լրացուցիչ հստակեցրին, որ նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում քաղաքացուց անձնագիր պահանջելը համարվում է ոչ իրավաչափ, եւ որ բոլոր ծառայություն մատուցողները պարտավոր են, որպես անձը հաստատող փաստաթուղթ ընդունել նաեւ նույնականացման քարտերը:
Սա նշանակում է, որ կա’մ որոշ ընկերություններ ուղղակի թքած ունեն կառավարության որոշումների ու ՀՀ օրենքների վրա, կա’մ կառավարությունն անհրաժեշտ հետեւողականություն չի դրսեւորում, որպեսզի շահագրգիռ կողմերը պատշաճ տեղեկացվեն ու կատարեն ՀՀ օրենքներից ու կառավարության որոշումներից բխող իրենց պարտականությունները: