կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-26 14:30
Քաղաքական

Բանակցություններում փոխզիջումները բացառված չեն

Բանակցություններում փոխզիջումները բացառված չեն

Հենց այն բանի համար է երկխոսությունը, որպեսզի կարողանան հղկել, հարթել այն հումքը, որը դրվում է, որպես քննարկման թեմա. լրագրողներին այսօր Ազատության հապարակում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ սկսված երկխոսության արդյունքում կողմերը հրաժարվեն որոշ դրույթներից:

 

Նա ասաց, որ պետք է տարբերել տերմինները` երկխոսությունն այլ բան է, բանակցությունը` այլ, համագործակցությունը` այլ: «Երկխոսությունը, ընդհանրապես, նույնիսկ դաժանորեն միմյանց դեմ պատերազմող պետությունները, որոնք տասնյակ հազարավոր զինվորներ են կորցրել, երկխոսում են: Երկխոսությունն այն է, որ պատրաստակամություն են հայտնում նստել-զրուցելու: Նույնիսկ ամենաոխերիմ թշնամիները երկխոսում են, մենք ներսում թշնամիներ չունենք, եւ այո’, կա երկխոսություն: Այլ հարց է` այդ երկխոսությունը կարո՞ղ է տեղափոխվել բանակցությունների սեղան, թե՞ ոչ: Սա կարեւոր է: Եթե երկխոսությունը կարողանա արդյունքում ծնել բանակցելու տրամադրություն եւ անհրաժեշտություն, այդ դեպքում հարցերը կքննարկվեն, եւ այդ քննարկման արդյունքում արդեն, բնականաբար, այն ինչ ներկայացվում է կողմերի կողմից իմպերատիվ չէ, վերջնական չէ, հնարավոր է` քննարկման արդյունքում որոշ կոմպրոմիսային հարցեր կա’մ ավելանան, կա’մ դուրս գան»,- նշեց Ռուբեն Հակոբյանը:

 

Անդրադառնալով հարցին, որ մեր իրականության մեջ արդեն կա երկխոսության ոչ լավ փորձ ու վատ նախադեպ` կապված ՀԱԿ-իշխանություններ երկխոսության դեպքի հետ, եւ ո՞րն է երաշխիքը, որ այս փորձը եւս չի ձախողվի, Ռուբեն Հակոբյանը նշեց, որ իհարկե` կա այդպիսի նախադեպ, բայց դա չի նշանակում, որ պետք է վախենալ ու ասել` եթե նախադեպը կա, ապա փորձն այլեւս չպետք է կրկնվի:

 

«Նա, ով գնում է եկխոսության, ունենում է իր պահանջների մինիմում եւ մաքսիմում նշաձողերը: Հիմա եթե պետք է վախենալ ու չգնալ երկխոսության, թե կարող են մեզ խաբել, ապա կարելի է ընդհանրապես փակվել ու ոչինչ չանել: Բայց քաղաքագիտության ու քաղաքականության մեջ, եթե քաղաքական ուժն ունի իմունիտետ` գնալու երկխոսության ու սկզբունքները պահելու, ունի նշաձողեր` այդ բանակցությունների ընթացքում մինչեւ որ կետը կարող է փոխհամաձայնության գալ, այդ ուժը կարողանում է իր ստորագրությունն ունենալ եւ երբեք չի պարտվում»,- պարզաբանեց Ռուբեն Հակոբյանը:

 

Նա նշեց, որ այս պահին չի հայտարարում, թե իրենք կգնան, կբանակցեն ու կհաղթեն, բայց հայտնեց, որ որոշակի ռազմավարություն ունեն եւ ճշտել են այն ներքին նշաձողը, որից այն կողմ չեն գնալու:

 

«Այն ծրագիրը, որ մենք ներկայացրել ենք թե’ նախընտրական փուլում, թե’ այստեղ, կոնցեպտուալ առումով տրամաբանությունը պետք է պահպանվի, եւ որ շատ ավելի կարեւոր է` դա պետք է լինի ժողովրդի համաձայնությամբ»,- եզրափակեց բանախոսը: