Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեև այսօր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի ծննդյան օրն է, բայց նա չի պատրաստվում այն նշել, այլ ճանապարհվում է Գյումրուց Երևան` մասնակցելու այսօրվա հնարահավաքին: Yerkir.am-ի հետ զրույցում Լևոն Բարսեղյանն ասաց. «Ծնունդ նշելու ժամանակներն անցել են, այնպես պետք է անենք, որ մեր Հայաստանի ծնունդը կարողանանք հետո նշել»:
Ըստ նրա` թեև իրեն անմիջականորեն չի վերաբերում պարտադիր կուտակային համակարգը, որովհետև իր վրա այդ օրենքը չի տարածվում, բայց ինքը մասնակցելու է հանրահավաքին, որովհետև հանրահավաքը կարող է կարևոր գործոն լինել քաղաքական ենթատեքստում:
Լևոն Բարսեղյանը կարծիք հայտնեց, որ թեև հանրահավաքը, ըստ էության, բողոք է հնչեցնում հետևանքի, այլ ոչ թե պատճառի դեմ, իսկ պատճառը երկրի նախագահն է և կլանային համակարգը, այնուամենայնիվ, հանրահավաքն աննախադեպ է այն առումով, որ առաջին անգամ քաղաքական 4 ուժեր միավորվել են մեկ խնդրի դեմ: Ըստ նրա` այս հանրահավաքը ուժերի ստուգատես է լինելու թե' այդ քաղաքական ուժերի և թե' իշխանության համար: Բարսեղյանը հետևելու է, թե ինչի է ընդունակ «այս քառյակը», իսկ քառյակն էլ տեսնելու է, թե ինչ զորություն ունի ինքը:
«Բացառված չէ, որ այս քառյակը վերածվի համակարգային փոփոխությունների կամ իշխանության փոփոխության կարևոր գործոնի: Ես մի քիչ հոռետես եմ, որովհետև ԲՀԿ-ն` ի դեմս Ծառուկյանի, մշտապես խուսափել է Սերժ Սարգսյանին քննադատելուց, բայց կհետևենք այսօրվա հանրահավաքին: ԲՀԿ-ն կարևոր դերակատար է, որպեսզի Հայաստանում համակարգային փոփոխություններ լինեն»,- ասաց նա:
Հարցին` այսօրվա հանրահավաքի ընթացքում կլինե՞ն բախումներ, Լևոն Բարսեղյանը պատասխանեց, որ բախումները իշխանության համար մեծ ռիսկ են, որովհետև հունվար ամսին սոցիալական լարվածությունը սրվել է մարդկանց շրջանում` կապված կոմունալ բարձր վճարների հետ: Ըստ նրա` եթե առաջ մարդիկ քիչ, թե շատ հաշտ էին իրավիճակի հետ, ապա վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն ընդվզում են: Մարդիկ սարսափելի հիասթափություն են ապրում, թե ինչպե՞ս կարելի է ծախսերն այդպես աճեցնել, և արդյո՞ք այդ ամենն իշխանությունների ապաշնորհ քաղաքականության հետևանքը չէ: Բարսեղյանը համարում է, որ հիմա դժգոհություն են հայտնում այն մարդիկ, ովքեր մինչև հիմա լուռ են եղել:
«Սոցիալական ընդվզումները կարող են նպաստել իշխանության դեմ համախմբմանը, ահա` ինչու իշխանությունները չեն համարձակվի այսօր նեղություն տալ խաղաղ ցուցարարներին` այնպես, ինչպես արել են նախկինում»,- ասաց Լևոն Բարսեղյանը: