կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-18 18:32
Իրավական

ԱԱԾ-ն և ՊԵԿ-ը նոր ստուգումներ են սկսում ''Սիվիլիթաս''-ում

ԱԱԾ-ն և ՊԵԿ-ը նոր ստուգումներ են սկսում ''Սիվիլիթաս''-ում

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), որը «փողերի լվացման» հատկանիշներով «Սիվիլիթաս» հիմնադրամին և դրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործ էր հարուցել 2012թ. մայիսի 25-ին, որոշել է «Սիվիլիթաս» հիմնադրամից պահանջել տվյալներ և փաստաթղթեր 2012 և 2013 թվականների ֆինանսավորման աղբյուրների, ինչպես նաև դրանց տնօրինման վերաբերյալ. ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:

 

ԱԱԾ-ն հիմնադրամից պահանջում է նաև հայտնել, թե 2009-2011 թվականներին անձերի և կառավարությունների կողմից 41 մեծ և փոքր նվիրատվությունների և դրամաշնորհների գումարները ինչպես են ծախսվել կամ տնօրինվել:

 

Իր հերթին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն «Սիվիլիթաս» հիմնադրամում ստուգումները օրենքով թույլատրված 90 աշխատանքային օր հետաձգելու փոխարեն 155 աշխատանքային օր հետաձգելուց հետո տեղեկացրել է, որ պատրաստվում է ստուգել հիմնադրամի ամբողջ գործունեությունը՝ իրականացված բոլոր ծրագրերով հանդերձ:

 

«Արդեն շուրջ տասը ամիս տևող անհեռանկար և հորինված դատավարական ընթացակարգերը խորապես խոչընդոտել և շարունակում են խոչընդոտել հիմնադրամի աշխատանքներին՝ անհասկանալի և ծավալուն փաստաթղթաբանության անհիմն պահանջներով, աշխատակիցներին ԱԱԾ-ի կողմից տևականորեն և անհասկանալի, հետապնդման նախնական և հետագա նպատակների հետ առնչություն չունեցող հարցերի վերաբերյալ հարցաքննություններով, հիմնադրամի բոլոր հնարավոր գործընկերներին և հիմնադրամի հետ համագործակցած անձանց իբր հիմնադրամի կողմից կատարված օրինախախտումների վերաբերյալ երկարաշունչ նախաբաններով նամակների և հաղորդումների ներկայացմամբ: Մինչդեռ առ այս պահը նախաքննության մարմինը չի որոշակիացրել, թե ինչ մեղադրանքների կամ օրինախախտումների բացահայտման նպատակով է իրականացվում այս տոտալ հետապնդումը` ըստ երևույթին հույս ունենալով գտնել հետապնդումների հիմնավորումը՝ ապագայում հիմնադրամի գործունեության մյուս բոլոր հնարավոր ոլորտների ստուգումներով:

 

«Սիվիլիթաս» հիմնադրամը հայտարարում է, որ այս ամենը քաղաքական դրդապատճառներ ունեցող հետապնդում է, որի նպատակն է խոչընդոտել «Սիվիլիթաս» հիմնադրամի՝ քաղաքացիական հասարակության ուժեղացմանն ուղղված ծրագրերը և հատկապես լրատվական գործունեության իրականացումը: Այլ խոսքով` սա ուղղակիորեն հիմնադրամի արտահայտվելու ազատության սահմանադրական իրավունքին օրենքով արգելված և քրեական դատավարության նպատակներով քողարկված ապօրինի միջամտություն է: 

 

«Սիվիլիթաս» հիմնադրամը ՀՀ բարձրագույն իշխանություններին կոչ է անում դադարեցնել հետապնդումները և հիմնադրամին հնարավորություն տալ շարունակելու բնականոն գործունեությունը»,- ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ: