կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-12 18:13
Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ հավատում է ՍԴ-ին

Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ հավատում է ՍԴ-ին

Րաֆֆի Հովհաննիսյանը դեռեւս հավատում է, որ Սահմանադրական դատարանը, իր կոչմանը հավատարիմ, արդար սահմանադրական որոշում կկայացնի:

 

Ազատության հրապարակում այսօր հրավիրած ասուլիսում, պատասխանելով լրագրողների հարցին` եթե Սերժ Սարգսյանը գնա Ազատության հրապարակ, ինքը դուրս կգա՞ հացադուլից, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, թե դրանից առաջ, ինքը հույս ունի, որ ՍԴ-ն կընդունի նախադեպային վճիռ եւ չի արդարացնի Հայաստանում ակնհայտորեն կեղծված ընտրությունները` դրանով իսկ մաքրելով նաեւ իր նախորդ գործունեությունը: Ըստ նրա` սա ՍԴ-ի եզակի, գուցեեւ վերջին այդպիսի հնարավորությունն է: Իսկ ՍԴ-ի վճռի ընդունումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն սիրով կլսի Սերժ Սարգսյանի առաջարկները:

 

«Եթե կա’մ Սահմանադրական դատարանից, կա’մ Սարգսյանից ստանամ այն երաշխավորված լուծումը, որ թույլ կտա, ճանաչելով ժողովրդի սահմանադրական իշխանությունը, այս հանգուցային վիճակից դուրս գալ, ես կդիտարկեմ հացադուլից դուրս գալու տարբերակը»,- ասաց նա:

 

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ եթե Սարգսյանը ինքնաբացարկի դիմումը չներկայացվի, միեւնույն է, այսպես, թե այնպես ժողովուրդը կհավաքվի եւ ցույց կտա համաժողովրդական ուժը: