Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավարտվել է սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը` նվիրված Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին:
Առաջնությունը մեկնարկել էր մարտի 4-ին` Երևանում, մրցումներն անցել են Հ. Շահինյանի և Ա. Ազարյանի անվան մարզադպրոցներում:
Առաջնությանը մասնակցել են ընդհանուր թվով 60 մասնակիցներ Երևանից, Գյումրիից և Էջմիածնից: Մրցաշարի ընթացքում մարզիկների ցույց տված արդյունքների հիման վրա կձևավորվի սպորտային մարմնամարզության Հայաստանի մեծահասակների հավաքականը, որը ապրիլին մեկնելու է Մոսկվա մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:
Բազմամարտում տղամարդկանց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Արթուր Դավթյանը, կանանցից՝ Անահիտ Թադևոսյանը: Արծաթե մեդալների են արժանացել համապատասխանաբար՝ Սերոբ Սողոմոնյանը և Անի Թունյանը, իսկ բրոնզե մեդալների՝ Վահան Վարդանյանը և Արփինե Թադևոսյանը:
Տղաները մրցել են 6 գործիքների վրա: Ազատ վարժություն, հենացատկ, պտտաձող և զուգափայտ ձևերում 1-ին տեղն է գրավել Արթուր Դավթյանը, նժույգ թափեր ձևում՝ Վահագն Ստեփանյանը, օղակների վրա՝ Վահագն Դավթյանը և զուգափայտերի վրա՝ Սերոբ Սողոմոնյանը: Աղջիկներից առանձին ձևերում 1-ին տեղն են գրավել Անահիտ Թադևոսյանը (հենացատկ, հավասարակշռության գերան, աղջիկների զուգափայտ) և Անի Թունյանը (ազատ վարժություններ): Առաջնության գլխավոր մրցավարն էր Ալբերտ Ազարյանը, գլխավոր քարտուղարը՝ միջազգային կարգի մրցավար Էլսիկ Հովհաննիսյան:
Առաջնությանը մասնակցել են նաև սպորտային մարմնամարզության Հայաստանի պատանիների և երիտասարդների հավաքականների ներկայացուցիչները, որոնց ցույց տված արդյունքները թույլ են տալիս ասել, որ Հայստանում կա մեծահասակներին փոխարինող երիտասարդ մարմնամարզիների նոր սերունդ: