կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-04 18:55
Քաղաքական

Օրեցօր ավելի շատ փաստեր են ի հայտ գալիս ընտրությունների կեղծման վերաբերյալ

Օրեցօր ավելի շատ փաստեր են ի հայտ գալիս ընտրությունների կեղծման վերաբերյալ

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը Սահմանադրական դատարան դիմելու համար ունի ուժեղ հիմնավորումներ, որոնց վրա աշխատել են իրենց փաստաբանները, եւ Հովհաննիսյանի թիմակիցները կարծում են, որ կարող են հասնել արդյունքի. ՍԴ հայց ներկայացնելուց հետո լրագրողներին ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

 

Որպես այդպիսի հիմքեր` նա հիշեց Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչների կողմից բազմիցս բարձրաձայնված ընտրակեղծիքները, մասնավորապես` 128 ընտրատեղամասերում իրենք ներկայացրել էին ընտրությունների արդյունքների վերահաշվարկ իրականացնելու դիմումներ, եւ դա այս հայցի մի մասն է:

 

Նա նաեւ լրագրողներին ներկայացրեց ընտրությունների ընթացքի եւ արդյունքների ամփոփման հետագա վերլուծությունների արդյունքները:

 

«Արդեն հայտնի է` հատկապես այն բնակավայրերում, որի բնակչության 40 տոկոսը բացակայում է երկրից, գրանցվել են երբեմն մինչեւ 100 տոկոս ընտրողների մասնակցություն, որից 99 տոկոսը, իբրեւ, քվեարկել է Սերժ Սարգսյանի օգտին: Սա նշանակում է, որ այդպիսի ընտրատարածքներում եղել են ընտրակեղծիքներ եւ հենց այդպիսի գյուղերի շնորհիվ էլ Սերժ Սարգսյանը պաշտոնապես գրանցել է հրապարակված արդյունքները»,- իրենց վերլուծությունների արդյունքները ներկայացրեց Հովսեփ Խուրշուդյանը:

 

Նա հայտնեց, որ օրեցօր ավելի մեծ քանակությամբ փաստեր են ի հայտ գալիս ընտրությունների կեղծման վերաբերյալ: Նաեւ վերլուծություն է կատարվեց, որից պարզ է դառնում այն կապը, թե որքան անհավանական էր քվեարկությանը ընտրողների մասնակցությունը, այնքան այդպիսի տեղամասերում մեծ տոկոս է ունեցել Սերժ Սարգսյանը: Եվ հակառակը` որտեղ մասնակցության ավելի խելամիտ տոկոս էր արձանագրվել, այնտեղ հաղթել էր Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

«Եվ դա է նաեւ հիմքերից մեկը, որով մենք ակնհայտ տեսնում ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ազատ եւ արդար ընտրությունների, դրանց չկեղծվելու պարագայում ընտրվելու էր եւ ընտրվել է ՀՀ նախագահ»,- նշեց Խուրշուդյանը:

 

Բողոքարկման հիմքերից մեկն էլ, ըստ «Ժառանգության» մամուլի խոսնակի, այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը պահանջում է վեր հանել ընտրողների ցուցակները: Որովհետեւ ցուցակներից կերեւա, թե բացակայող քաղաքացիների կողմից ինչպես է ստորագրվել կամ քվեարկվել: