կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-23 14:27
Իրավական

Երրորդմասցի Լյովիկը պարգևատրվել էր Ծառուկյանի կողմից. հայտնի գործով նոր փաստեր են ի հայտ գալիս

Երրորդմասցի Լյովիկը պարգևատրվել էր Ծառուկյանի կողմից. հայտնի գործով նոր փաստեր են ի հայտ գալիս

Հայտնել ենք, որ Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով այսօրվա դատական նիստում գործով ամբաստանյալները և նրանց պաշտպանը ժամանակ խնդրեցին ամբաստանյալների կողմից ցուցմունք տալու վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար:

Մինչ այդ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը Լեւոն Ղազարյանի անձը բնութագրող փաստաթղթեր ներկայացրեց դատարանին, որոնք վերաբերում էին սպորտի զարգացման ոլորտում նրա գործունեությանը: Այդ փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից Լեւոն Ղազարյանը ժամանակին պարգեւատրվել է դիպլոմներով և շքանշանով: Փաստաբանը դատարանին ներկայացրեց նաև բնութագիր՝ տրված Հայկական ակադեմիական թիավարության և կանոեի ֆեդերացիայի կողմից:

«Հայտնում ենք ձեզ, որ Լեւոն Ղազարյանը հոկտեմբերի 15-ին ֆեդերացիայի ընդհանուր ժողովի նիստում ընտրվել է ֆեդերացիայի նախագահ: Նախագահության տարիներին իրեն դրսեւորել է որպես հմուտ ղեկավար: Հայկական ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի կողմից (ՀԱՕԿ) պարգեւատրվել է դիպլոմներով եւ շքանշանով:

Շատ հոգատար է եղել մարզաձեւի նկատմամբ, սեփական բիզնեսի միջոցներից տրամադրում էր ամսական անվանական թոշակներ մարզիկներին եւ մարզիչներին: Ֆինանսավորում էր ՀՀ հավաքականին եւ թիմերին, ուսումնամարզական հավաքները աշխարհի եւ Եվրոպայի մրցաշարերի ծախսերը: Բացի այդ` Լեւոն Ղազարյանը ձեռնամուխ է եղել Երեւանյան լճի թիավարության բազայի վերականգնմանը, վերակառուցմանը եւ վերանորոգմանը: Նա արդեն վերակառուցել էր տախտակամածը եւ հիմնովին կառուցել երկաթբետոնե պատնեշը, կնքել էր պայմանագրեր մի շարք տեղական եւ արտասահմանյան ընկերությունների հետ` թիավարության բազայի հիմնովին վերակառուցման համար: Համագործակցում էր Երեւանի քաղաքապետարանի հետ Երեւանյան լճի մաքրման եւ մակարդակի պահպանման գործընթացում: Թիավարության ֆերդերացիայի անդամները Լեւոն Ղազարյանի անժամանակ մահվան լուրն ընդունեցին որպես հարազատ մարդու կորուստ: Ցավում են, որ չհասցրեց իրականացնել իր բոլոր նախագծերն ու ծրագրերը»,- ասված էր Ղազարյանի բնութագրում:

Նշենք, որ Yerkir.am-ն ավելի վաղ անդրադարձել էր Լևոն Ղազարյանի կողմից ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում կատարված մի ուշագրավ գործարքի, որը, սակայն, նա ավարտին չէր հասցրել, քանի որ սպանվել էր: Մասնավորապես` մեզ տեղեկություններ էին հասել, որ Լևոն Ղազարյանը Հայաստանում բայդարկա մարզաձևը զարգացնելու նպատակով պայմանագիր էր կնքել անգլիական մի ընկերության հետ, որը մեծածավալ ներդրումներ պետք է կատարեր Հայաստանում:

Մեզ հասած տեղեկությունների հանաձայն` ծրագրով նախատեսված էր սկզբնական շրջանում փոխանցել 300 հազար ֆունտ ստերլինգ (մոտ կես մլն դոլար), որով պետք է կատարվեր մարզադպրոցի շինարարությունը: Աշխատանքները պետք է սկսվեին 2015 թ. մարտի սկզբին, սակայն, ինչպես հայտնի է, մարտի 4-ին Լևոն Ղազարյանն ու նրա երկու ընկերները սպանվեցին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի շենքի դիմաց: