կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-04 18:04
Քաղաքական

Բանակցությունները փակուղի են մտել. Արմեն Ռուստամյան

Բանակցությունները փակուղի են մտել. Արմեն Ռուստամյան

ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր հանդիպում են ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ` ԱԺ-ում հետընտրական գործընթացները քննարկելու ձեւաչափը որոշելու համար: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

 

«Քննարկվեց արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ մեր առաջարկությունը, բայց, ըստ էության, բանակցություններն այս պահին մտնում են փակուղի: Իշխանություններն առաջին հերթին համաձայն չեն արտահերթ նիստ հրավիրելու` մեր առաջարկությանը»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը:

 

Անդրադառնալով ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» ներկայացրած երեք հայտնի պահանջներին` իշխանությունները պահանջել են, որ ընդդիմության կողմից էլ պետք է զիջում լինի, որ հարցը քննարկեն: Բայց մյուս կողմից` մյուս քաղաքական ուժերն էլ, մասնավորապես` ՀԱԿ-ը, եւս համաձայն չեն այդ եռակետ օրակարգով հարցի լուծմանը:

 

«ՀԱԿ-ն ասում է, որ այս երեք կետերը հարցի լուծում չեն, բայց արտահերթ նիստ հրավիրելուն դեմ չեն»,- նշեց Ռուստամյանը: ՕԵԿ-ը երեք կետերից համաձայն է միայն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցմանը, ընդդիմություն-իշխանություն միասնական համակարգի ձեւավորմանը, ինչին համաձայն է նաեւ ՀՀԿ-ն: Կոալիցիոն գործընկերները եւ ՀԱԿ-ը վերապահումներ ունեն կառավարման խորհրդարանական համակարգին անցման եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցերում: ԲՀԿ-ի դիրքորոշումները, ըստ Ռուստամյանի, համահունչ են ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» դիրքորոշումներին:

 

«Բանակցությունները փակուղի են մտել, քանի որ համաձայնություն ձեռք չի բերվում հայտարարության տեքստի շուրջ, մնում է 1/3 ստորագրություն հավաքել արտահերթ նիստ հրավիրելու համար, բայց այդ դեպքում էլ վստահ չենք, որ, ինչպես անցած անգամ, այս անգամ եւս ՀՀԿ-ականները չեն բոյկոտի նիստը»,- ասաց Ռուստամյանը: