Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քիչ առաջ մեկնարկել է ՀՀԿ Խորհրդի նիստը: ՀՀԿ կենտրոնական գրասենյակ են ժամանել ՀՀԿ վերնախավի գրեթե բոլոր ներկայացուցիչներն` առանց բացառության՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախարարներ, մարզպետեր, պատգամավորներ ու քաղաքապետեր:
Մինչ նիստը սկսելը լրագրողները փորձեցին պարզել, թե նրանք ինչպե՞ս են տրամադրված, արդյո՞ք կշարունակեն պաշտոնավարել: Ուշագրավ է, որ ՀՀԿ-ականների մեծ մասը հրաժարվեց պատասխանել հարցերին. գրեթե բոլորը մտահոգ էին, իսկ ոմանք՝ ակնհայտ անտրամադիր:
ՀՀԿ խորհրդի նիստին ժամանել է նաեւ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Yerkir.am-ի հարցին` ճի՞շտ է, որ իր վարքն այսօր քննարկման առարկա է դառնալու, քաղաքապետը հայտարարեց, որ նոր են նիստի, դեռ չգիտեն: Նշենք, որ թեեւ քաղաքապետն իրեն վերաբերող հարցից «տեղյակ» չէր, բայց դեռ օրեր առաջ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ քաղաքապետի պահվածքը քննարկվելու է այս նիստում:
Կոտայքի, Սյունիքի եւ Արարատի մարզպետերը միասին մեկ մեքենայով ժամանեցին ՀՀԿ կենտրոնական գրասենյակ: Նրանք եւս հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին: Միայն Yerkir.am-ի հարցին, թե` ինչպե՞ս է գնահատում ընտրությունների արդյունքները, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն արձագանքեց՝ ընտիր:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանից էլ մեր թղթակիցը փորձեց պարզել, թե ինչո՞ւ է շնորհակալություն հայտնել մարզպետարանի աշխատակիցներին Սերժ Սարգսյանի համար աշխատելու համար, ինչի մասին երեկ ԱԺ-ում կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Մարզպետը հրաժարվեց կոնկրետ բացատրություն տալ եւ հայտարարեց. «Կայքեր կարդանք, կայքերում հարցի պատասխանը, բացատրությունը կա»: Մարզպետը հայտարարեց, որ նման բան չի եղել, սխալ տեղեկատվություն է տարածվել:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւս հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Yerkir.am-ի հարցին, թե` ինքն է գլխավորելու ավագանու ցուցակը, Մարգարյանը պատասխանեց. «Ոնց կուսակցությունը կորոշի»:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից եւս հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է կարծում իր հետագա պաշտոնավարման մասին: Նախարարը եւս հայտարարեց. «Այնպես, ինչպես կորոշի կուսակցությունը»: