Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանը շարունակեց իր քարոզարշավը:
Նա նախ շնորհակալություն հայտնեց բոլորին, այդ թվում` նաեւ լրագրողներին, նախագահի խոսքերով ասած` «հիանալի ակտիվության, ՀՀ բոլոր անկյուններից թեկնածուների ընտրարշավը լուսաբանելու համար»:
Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ընտրարշավը թեժ էր եւ հակասական իրադարձություններով լի: Հիմա, ըստ գործող նախագահի, ամենապատասխանատու ընտրության առջեւ ենք կանգնած, եւ գալիք տարիները ՀՀ-ի համար դառնալու են ճակատագրական, երկրի ղեկին կանգնողը բախտորոշ որոշումներ է կայացնելու: «Սա անձերի կամ կուսակցությունների ընտրություն չէ, ՀՀ-ի զարգացման ընտրություն է: Մեր ուղին չընդունող մեր հայրենակիցները գունազարդում են առկա թերությունները, բայց խուսափում են ասել, թե ինչպես են դրանք վերացնելու: Նոր ասելիք գրեթե չունեն եւ չունեն անելիք, փորձում են խաբել մեզ անիրականանալի խոստումներով, տարաբնույթ մեկնաբանություններով: Ձեր քվեով բացատրեք, որ ձեզ խաբել այլեւս հնարավոր չէ, յուրաքանչյուր խոստման հավատալու համար այդքան միամիտ չենք, այն չենք, ինչ քսան տարի առաջ»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը եւ ընդգծեց, որ ուզում է աշխատել նրանց հետ, ովքեր պատրաստ են ամրացնել մեր պետությունը:
«Ես ազնիվ եմ եղել ձեզ հետ՝ սարեր չեմ խոստացել»,- հայտարարեց նա եւ վստահեցրեց, որ ետ գլորվել չենք պատարստվում: Նախագահի թեկնածուն նշեց, որ թեեւ չի խոստանում, որ իր առաջարկած ուղին հեշտ է լինելու, եւ որ մենք մի քանի տարի եւս պետք է հաղթահարենք այն բոլոր դժվարությունները, որոնք կուտակվել են տասնամյակներով, բայց ուզում է, որ բոլորը վստահաբար իմանան, որ մեր բոլոր խնդիրները լուծելի են, բոլոր դժվարությունները` հաղթահարելի: «Մեր ուղին հարթ եւ հեշտ չէ, բայց այն մեզ տանելու է ավելի ապահով ապագա, եւ ես կոչ եմ անում ընտրել այդ ապագան»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը եւ վստահեցրեց, որ այս ընտրությունները լինելու են աննախադեպ, լինելու է ընտրություն՝ ապագայի եւ անցյալի միջեւ:
«Հայրանեկիցնե'ր, իմ հույսը դուք եք, իմ պայքարը հանուն ձեզ է ու մեր ընդհանուր ապագայի: Կան բաներ, որոնք մերժել եմ, կան բաներ, որոնք զիջել չեմ կարող, ես միշտ կողմ եմ համագործակցությանը, բայց այն չպետք է չնչին չափով վտանգի ՀՀ-ի կամ ԼՂՀ-ի անվտանգությունը»,- հայտարարեց նա: Նախագահի ՀՀԿ-ական թեկնածուն խնդրեց հավատալ եւ վստահել: «Հավատալ եւ վստահել ձեր զորությանը, վստահել ձեր ուժերին»,- նշեց նա: