Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Օրը հռչակվել է 2001թ. Լյուքսեմբուրգում` «Քաղցկեղով երեխաների ծնողների միության» (ICCCPO) կողմից` նպատակ ունենալով հանրության ուշադրությունը գրավել քաղցկեղով հիվանդ երեխաների խնդիրներին:
Աշխարհում ամեն տարի 200 հազար երեխա հիվանդանում է քաղցկեղով, ամեն օր 250 երեխա մահանում է քաղցկեղից: Հայաստանում տարեկան գրանցվում է 80-90 նոր դեպք: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության բաժանմունքը տարեկան 200-ից ավելի երեխա է բուժում:
Հայաստանում երեխաների մոտ ամենից հաճախ հանդիպում է արյան քաղցկեղը` լեյկեմիան, որը կազմում է չարորակ ուռուցքների մոտ 30-40 տոկոսը: Երկրորդ տեղում են ավշային հանգույցների չարորակ ուռուցքները, այնուհետև գլխուղեղի ուռուցքն է:
Մանկական քաղցկեղի առաջացման պատճառները բազմազան են` քաղցկեղածին նյութեր սննդում և օդում, ծնողների վնասակար սովորություններ` ծխախոտի և ալկոհոլի չարաշահում, ինչպես նաև մոր մոտ նույնիսկ մինչ հղիությունն առողջական խնդիրներ և այլն: Հիվանդությունն ավելի հաճախ հայտնաբերվում է 2-4 տարեկան երեխաների մոտ։ Գիտնականների համոզմամբ` այդ ուռուցքները ոչ թե ժառանգաբար են փոխանցվում, այլ լինում են բնածին: Երկրորդ տեղում 11-14 տարեկան երեխաներն են. նրանց մոտ քաղցկեղն առաջանում է սեռական հասունացման շրջանում: Քաղցկեղի այն տեսակները, որոնք հաճախ հանդիպում են մեծահասակների մոտ, երեխաների մոտ գրեթե չեն լինում:
Տարբերություն կա նաև ուռուցքների և բուժման մեթոդների միջև: Բուժումն առավել արդյունավետ է, երբ հիվանդությունը հայտնաբերվում է սկզբնական փուլում։ Հայաստանում երեխաների մոտ հիվանդության 65 տոկոս դեպքերը լիակատար բուժվում են: Զարգացած երկրներում այդ ցուցանիշը հասցվել է 75-80 տոկոսի: