կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-01 11:54
Հասարակություն

Ծերանոցներում տարեկան երկու ամուսնություն է գրանցվում

Ծերանոցներում տարեկան երկու ամուսնություն է գրանցվում

Այսօր Տարեցների միջազգային օրն է: Հայաստանում տարեցների թիվը բնակչության 11,5 տոկոսն է /323 134/, ինչը փաստում է, որ Հայաստանը ծերացող երկիր է:

Այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը լրագրողներին ասաց, թե ծերությունն այնքան էլ վատ բան չէ, դա այն ժամանակաշրջանն է, երբ հավաքում ես ցանածդ պտուղների սերմերը:

«Փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի արժանապատիվ ծերություն ունենան մարդիկ, սակայն չենք կարող ասել, թե 100 տոկոսանոց արդյունք ունենք: Միջին կենսաթոշակը 41 000 դրամ է, իսկ մեկ ամսվա սպառողական զամբյուղի չափսը` 60-70 000 դրամ: Հիմնականում ֆինանսական խնդիրներ են ունենում միայնակ ծերերը, որոնց էլ մենք հավելյալ նպաստ ենք տալիս»,- ասաց Գևորգյանը:

Նա նշեց նաև, որ Հայաստանում 9 շուրջօրյա խնամքի կենտրոն կա, որոնցից 5-ն է պետական: Խնամքի կենտորնները լինում են ընդհանուր և հատուկ /հոգեկան առողջության խնդիրներ ունեցող տարեցների համար/: «Ուրախությամբ կարող եմ ասել, որ ծերանոց ընդունվելու համար հերթ գոյություն չունի այլևս, բայց պետք է նշեմ նաև, որ խնդիրներ ունենք` հատուկ խնամքի կենտրոնների հետ կապված. այնտեղ կուտակումներ կան»,- ասաց Գևորգյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ տարեցները խնամքի կենտրոններ են ընդունվում բացառապես իրենց ցանկությամբ, սակայն լինում են դեպքեր, որ նրանք ստիպված են գնում նման քայլի:

Ի դեպ, տարեկան երկու ամուսնություն է գրանցվում խնամքի կենտրոններում, լինում են դեպքեր, երբ զույգերի կյանքում առաջին ամուսնությունն է լինում: