կարևոր
2947 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-25 18:25
Արցախ

Շրջափակման հետևանքով Արցախում գրանցվում են մահվան դեպքեր. Արայիկ Հարությունյանը բարձրաձայնում է աղետի մասին

Շրջափակման հետևանքով Արցախում գրանցվում են մահվան դեպքեր. Արայիկ Հարությունյանը բարձրաձայնում է աղետի մասին

Շրջափակման հետևանքով Արցախն այսօր գտնվում է հումանիտար աղետի պայմաններում: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ շրջափակման ուղղակի ու անուղղակի հետևանքով արձանագրվում են մարդկային մահեր՝ նորածին երեխաներից մինչև տարեց քրոնիկ հիվանդներ:

Արցախի նախագահը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնել է, որ շրջափակումից առաջ Արցախում օգտագործվող սննդի մոտ 90%-ը ներկրվում էր Հայաստանից, հետեւապես այսօր սննդի մեծ սղություն կա, առավել եւս, երբ վերջինս 40 օրն ընդհանարպես ոչ մի կիլոգրամ սնունդ չի մտել Արցախ։

Վառելիքի ու այլ անհրաժեշտ նյութերի ու պարագաների գրեթե բացակայության պատճառով չեն կատարվել գյուղատնտեսական աշխատանքների 80%-ը, նույնիսկ հացահատիկի բերքահավաքը կազմակերպվել է խիստ մասնակի ծավալով, դադարել են նույնիսկ շրջափակման ընթացքում մասնակիորեն գործող տնտեսական ձեռնարկությունները, գրեթե ամբողջությամբ դադարել է հանրային տրանսպորտը, խիստ դժվարությամբ են աշխատում առողջապահական ու այլ առաջին անհրաժեշտության ծառայությունները։

Ավելին, նա նշել է, որ առողջապահական համակարգում տարբեր դեղատեսակներ սպառվել են, մնացած մասը՝ հասնում են ծայրահեղ սահմանաչափի՝ ռիսկի տակ դնելով մարդկանց կյանքն ու առողջությունը, կրկնապատկվել են չծնված ու նորածին երեխաների մահվան ու բարդություններով ծնվելու դեպքերը, հղիների շրջանում սակավարյունությունը հասել է 90%-ի, դադարել են բոլոր պլանային հետազոտություններն ու վիրահատությունները, հարյուրավոր բուժառուներ չեն կարողանում մեկնել Հայաստան ու արտասահման՝ բուժման նպատակով, էլեկտրամատակարարման ամենօրյա խափանումների ու անհրաժեշտ սպասարկման բացակայության պատճառով շարքից դուրս են գալիս բժշկական կարևոր սարքավորումները.

Արդեն 196 օր է, ինչ Ադրբեջանը խափանում է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, ինչի հետևանքով ամեն օր առնվազն վեց ժամով հովհարային անջատումներ են տեղի ունենում, իսկ տնտեսական բազմաթիվ ձեռնարկություններ դադարել են գործելուց: Իսկ գազամատակարարումը ամբողջությամբ դադարեցված է արդեն 158 օր շարունակ՝ հանգեցնելով բազմաթիվ սոցիալ-տնտեսական հետևանքների.

Մասնավոր հատվածում փակվել են բոլոր արտադրամասերը, գրեթե ամբողջությամբ փակվել են բոլոր ծառայություններ մատուցող ընկերությունները, մասնավոր հատվածում աշխատողների ավելի քան 80%-ը դարձել է գործազուրկ, որը ավելի քան 15,000 մարդ է, դադարել են 3,700 բնակարանների կառուցման աշխատանքները, որոնք նախատեսված էին 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների համար, տնտեսության ուղիղ վնասը կազմել է շուրջ 430 միլիոն դոլար, որը նախատեսված տարեկան ՀՆԱ-ի շուրջ 50%-ն է»,- մանրամասնեց Արցախի նախագահը: