Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չկա մի քաղաքական գործիչ, որը չունի Փրկչի մղումներ: Իսկ ինչո՞ւ հենց Փրկչի: Որովհետեւ, առանձին վերցրած, ոչ մի քաղաքական գործիչ ոչ մեկի համար պատասխանատու չէ: Յուրաքանչյուրը ջանք է, յուրաքանչյուրը, հնարավոր է, տարիների աշխատանք է: Մեկ մարդու համար քաղաքական գործիչը երբեք ժամանակ չունի: Ահա` ինչու նրա համար հեշտ է ասել. «Էկել ես, լաց ես լինում, մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես»:
Չեչնիայի գրեթե բոլոր փողոցներում կարելի է հանդիպել «Մեր ուժը մեր միասնության մեջ է» կարգախոսը: Հայտնի է, որ այդ երկրում մարդու իրավունքներ հասկացություն չկա: Նրանք, ովքեր մտածել են մարդու իրավունքները, հասկացել են, որ ամբողջի էությունը մասի մեջ է: Եթե մասն ամբողջական չեղավ, ոչ միայն մարդու մասին չի կարող խոսք լինել, այլեւ` հավաքականության:
Ընտրություններում բոլոր թեկնածուները սովորաբար կարեւորում են ժողովրդի` մեկ բռունցք լինելը: Ժողովուրդն ինքն էլ համոզված է, որ մեկ բռունցք լինելը լավ բան է, հենց թեկուզ` որոշներին իշխանությունից հեռացնելու համար: Գլխավորը, որ ոչ ոք ինքնամփոփ չլինի: Ահա քաղաքականության մեխը: Նրան ինքնամփոփ մարդիկ պետք չեն: Ադրբեջանում մեկն ինքնամփոփվել է եւ գրել «Քարե երազներ» վեպը: Ամբողջ երկիրն ընկել է ետեւից: Ցանկացած ինքնամփոփ մարդու մեջ իշխանությունը տեսնում է եթե ոչ հակահամախոհին, ապա առնվազն մեկին, ում վրա ոչ մի ազդեցություն չունի:
Չկա մի իշխանություն, որն անկեղծ է ժողովրդի հետ: Հենց անկեղծանում է, փորձում ես հասկանալ՝ ո՞րն է նրա կարդացած վերջին գիրքը: Ասենք, վերջին մի քանի տարում ինչո՞վ պիտի զբաղված լինես, որ ասես. «Հարյո՞ւր ա, պետք, հարյուր կխփեմ, 90, 80, 60: Ինչքա՞ն պետք ա, էնքան խփեմ»:
Իշխանությունը հոգեւոր խնդիրների վրա խաղադրույք չի անում: Միայն իշխանությունը կարող է քաղաքացուն ուղարկել մահվան բերան, ասենք` պատերազմի կամ հակատեռորիստական գործողության անունից: Ինքնազոհի հետ իշխանության հարազատությունը սկսվում է հենց անտեղյակությունից, թե ինչե՞ր է մտածել նա քաղաքականության կամ իշխանության մասին, երբ ապրում էր: Բոլոր մեդալները, պարգեւները, պալատականությունը անտեղյակության կամ խնամքով մշակված հարազատության արդյունք են:
Մեր մտավորականների մի հսկա մաս` առանց աչք թարթելու, խոստովանում է, թե ում է տալու իր քվեն: Հարցն այն չէ, որ անկեղծ է, այլ այն, որ անկեղծության եւ քաջության մասին նրանց պատկերացումն անպայման հրապարակման ենթակա դիրքորոշում ունենալն է: Փաստը, որ դիրքորոշում ունի, խոսում է այն մասին, որ չգիտի, թե ինչպես է իշխանությունը դառնում կենսունակ, ո՞րն է իր դերն այդ կենսունակության մեջ: Իշխանության կենսունակությունը մեկ առանձին մարդու գործ չէ: Ճիշտ է, ինքը՝ իշխանությունն էլ է տքնում, որ մեկ առանձին մարդու գործ չլինի: Հենց իշխանությունը մեկ առանձին մարդու իմացավ անուն-ազգանունով, ճաքեր կտա: Որովհետեւ պիտի մտածի նրան սահման ուղարկել-չուղարկելու մասին, պիտի մտածի նրա առօրյա կարիքների մասին: Այսինքն` պիտի մի քիչ մարդ դառնա:
Ցանկացած իշխանություն մեծամասնություն է նույնիսկ վեց միլիարդի մեջ, եթե այդ վեց միլիարդից յուրաքանչյուրը մարդ է: Դրա համար էլ մտածել են շոու-բիզնես, եկեղեցի, քաղաքականություն: Ընտրությունները քաղաքականությունը սնող հացն են, ահա` ինչու են հաճախ դրանց խառնվում շոու բիզնեսը եւ եկեղեցին: Նրանք իրենց հացն են փայփայում: Նրանք իրենց «մեծամասնությունն» են գուրգուրում: Նրանք խնամում են իրեն մերձավորից տարանջատող տանելի մահը: Իրենց պանթեոնը:
Սեյրան ՀԱՆՈՅԱՆ