կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-13 10:58
Առանց Կատեգորիա

Մոտենում ենք վերջնագծին

Մոտենում ենք վերջնագծին

Ապահով թեկնածու

Պարույր Հայրիկյանն իր քարոզարշավի բաց թողնված հատվածը կլրացնի Գյումրի, Տավուշ, Գեղարքունիք բլից-այցերով: Նրա ավտոշարասյանը կուղեկցեն ԱԱԾ-ի և շտապ օգնության մեքենաները՝ թեկնածուին անհաղթահարելի խոչընդոտներից զերծ պահելու նպատակով:

 

Հասկացավ կես խոսքից

ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Նորքի զանգվածում մոտ 10 րոպե իր տարակուսանքն է հայտնել այն առիթով, որ ընդդիմախոսները բողոքում են, թե իրեն ուղղվող հարցերը նախապես են գրված, իսկ հարց տվողներն էլ կակազելով են կարդում դրանք: Դրանից հետո դահլիճում հարց է հնչել.

-Պա, պա, պա… նա, նա, նա… թո, թո, թո…

 

Պարոն նախագահը ուշադիր լսել է հարց տվողին ու անցել իր ելույթի համապատասխան գլխի ընթերցանությանը, որ վերաբերում էր թոշակներին:

 

Ծանր դեպք

Իջևան քաղաքի մի բնակիչ հայտնել է, որ մարզպետարան մտնել-դուրս գալուց հետո ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ անգամ է բռնել իր ձեռքը: Այդ տեղեկությանը մենք ուշադրություն չէինք դարձնի, եթե նույնը չասեին նաև Րաֆֆի Հովհաննիսյանի հետ շրջագայող քարոզչախմբի անդամներն ու վարորդները: Նրանք ասում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այնքան է տարվում իր քարոզչությամբ, որ օրվա ընթացքում մի քանի անգամ ձեռքով բարևում է Արմեն Մարտիրոսյանին, Զարուհի Փոստանջյանին, Ռուբեն Հակոբյանին, լրագրողներին, վարորդներին, ինչու չէ, նաև պատահական անցորդներին:

 

Հո մարզպետ չի՛, հո մարզպետ չի՛…

Րաֆֆի Հովհաննիսյանը ազատ, արդար և հաղթական ընտրություններ կազմակերպելու կոչ է արել Տավուշի մարզպետին: Վերջինս տարակուսել է՝ էդ ե՞րբ մենք հաղթական ընտրություններ չենք կազմակերպել: Իջևանում էլ բան էր՝ պատահեց, ի՞նչ եք մատի փաթաթան դարձրել:

 

Մշակութային զուլում

«Գարեգին Նժդեհ» ֆիլմում իրենց համեմատաբար լավ դրսևորած դերասաններին հրավիրել են նկարահանվել «Արմենիա» հեռուստաընկերության՝ կրիմինալ թեմայով նոր հեռուստասերիալում, որտեղ գողական աշխարհը ներկայացնող հերոսները պետք է շատ արտահայտիչ ու համոզիչ տոնով բացականչեն՝  «Я Дед Xасан…», «Я Япончик», յա թե չէ` «Յա Դքի Նորո»

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ