կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-06 22:01
Քաղաքական

Աղվան Վարդանյանի տարակուսանքը` ''այսօրվա նախարար-կառավարությանը''

Աղվան Վարդանյանի տարակուսանքը` ''այսօրվա նախարար-կառավարությանը''

Երեկ ԱԺ-ում հայտարարությունների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարություն էր արել Սյունիքի մարզի 50 հազար հեկտար տարածքը իրանական կողմին վարձակալություն տալու հնարավոր գործարքի վերաբերյալ: Թեեւ տարածքային կառավարման նախարարությունը պարզաբանում էր տարածել, ինչի մասին շեշտեց նաեւ ՀՅԴ-ական պատգամավորը, բայց նա այսօր կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե ի՞նչ է տալու հնարավոր այդ գործարքը ՀՀ-ին եւ տարածաշրջանի գյուղացիությանը:

 

ՀՅԴ-ական պատգամավորի հարցն ուղղված էր տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին, բայց քանի որ նա բացակայում էր այսօրվա նիստից, Վարդանյանը խնդրեց, որ հարցին պատասխանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Սակայն, որքան էլ տարօրինակ է, հարցին պատասխանեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Ուշագրավ է, բայց այսօր արդեն որերորդ անգամ պատգամավորների հարցերի գերակշիռ մասի տակից փորձում էր դուրս գալ արդարադատության նախարարը:

 

Նա իրավական ինչ-ինչ պարզաբանումներ տվեց, ինչն էլ արդարացիորեն դուր չեկավ ՀՅԴ-ական պատգամավորին, եւ նա ընդգծեց, որ այդ բոլոր օրենքներին, իրավական հարցերին շատ լավ տիրապետում է:

 

«Ինձ համար զարմանալի է, որ կառավարությունը մտածում է, որ այս հարցին պետք է պատասխաներ արդարադատության նախարարը, քանի որ խոսքը վերաբերում է իրավական խնդիրներին, մեր օրենսդրությանը, հողային օրենսգրքին, կառավարության որոշումներին: Կարծում եմ, որ կառավարությունը սխալվում է: Հողային օրենսգիրքը գտնվում է այս ԱԺ-ում, կառավարության որոշումները հրապարակային են եւ ԱԺ յուրաքանչյուր պատգամավոր Ձեր ասած յուրաքանչյուր տառն ու բառը գիտի, ու բացատրության, մեկնաբանության կարիք մենք կառավարությունից չենք սպասում, մենք ինքներս կարող ենք այդ ամենը տեսնել եւ իմանալ: Այդ իմաստով ուզում եմ իմ տարակուսանքը հայտնել այսօրվա նախարար-կառավարությանը»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը եւ եւս մեկ անգամ ընդգծեց, որ արդարադատության նախարարի ասածներն ինքը շատ լավ գիտեր, բայց դրանով հարցերը չեն պակասում: