կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-06 17:43
Քաղաքական

Աղվան Վարդանյանի հարցը` կառավարությանը

Աղվան Վարդանյանի հարցը` կառավարությանը

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցը` կառավարությանը

 

Հարգելի կառավարություն

 

Երեկ այս դահլիճում հայտարարություն եմ արել` Սյունիքի մարզի 50 հազար հեկտար իրանական կողմին վարձակալություն տալու հնարավոր գործարքի վերաբերյալ: Շնորհակալ եմ: Երեկ տարածքային կառավարման նախարարությունը պարզաբանում է տարածել՝ շեշտելով, որ առայժմ որևէ իրավական գործընթաց գոյություն չունի: Իհարկե, շատ լավ  կլիներ, եթե կառավարությունը ավելի շուտ այս պարզաբանումը տար, ոչ թե հանրային ակտիվ քննարկումներից ու ԱԺ-ում հարցը բարձրացնելուց հետո: Բայց, միևնույն է, հարցականները մնում են:

 

Նախ՝ կան Սյունիքի մարզի պաշտոնյաների ստորագրություններն այս փաստաթղթերի, ավելի ճիշտ՝ կիսագրագետ թղթերի տակ: Երկրորդ՝ Տարածքային նախարարության պարզաբանումից հետո aravot.am կայքում հայտնվել է Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի հարցազրույցը, որտեղ այդ մարդը գովերգում է իրենց նախաձեռնությունը: Երրորդ՝ Տարածքային նախարարության  պարզաբանման մեջ հղում կա կառավարության երկու  որոշման, որոնք էական կապ չունեն խնդրո առարկայի հետ. մեկը վերաբերում է արոտավայրերի օգտագործման կարգին, մյուսը՝ պետական սեփականության արոտավայրերից օգտվելու պայմանների բնույթին: Չորրորդ՝ Հողային օրենսգիրքը նախատեսում է նման պայմանագրերը կնքել մրցույթով, առանց մրցույթի կարգ կառավարությունը չի սահմանել:

 

Հինգերորդ՝ բուն հարցը՝ ի՞նչ է տալու հնարավոր այդ գործարքը  Հայաստանի Հանրապետությանը և տարածաշրջանի գյուղացիությանը: Ինչո՞ւ հնարավոր չէ պետականորեն երաշխավորել մսամթերքի ու կաթնամթերքի  իրացում և անասնապահության զարգացմանը մասնակից դարձնել մեր գյուղացիներին ու տնտեսավարողներին: Կառավարությունը գիտակցո՞ւմ է պետական և համայնքային հողերը օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վարձակալության տալու` քաղաքական, հոգեբանական, տնտեսական, բնապահպանական հետևանքները:

 

Բնական կլիներ, եթե հարցին պատասխաներ Տարածքային կառավարման նախարարը: Ցավոք, պարոն Գևորգյանը  ներկա չէ: Պարոն վարչապետ, խնդրում եմ Ձեր արձագանքը: