Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանը երեկ Մովսես գյուղում մի տարեց մարդու հետ զրույցում հայտարարել էր. «Ես ե՞մ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են: Դրա համա՞ր էլ եմ ես մեղավոր, չթողնեիր՝ գնային»:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, անդրադառնալով նախագահի այս խոսքերին, ընդգծեց. «Իհարկե, նախագահն է մեղավոր: Մարդը հինգ տարի նախագահ է եղել եւ չի պատկերացնում, որ ՀՀ բոլոր գյուղերում տղամարդկանց մեծ մասը գնացել են օտար, ամայի ճամփեքով»:
Նա նշեց, որ Նապոլեոնն իր կողքին խելացի մարդկանց էր պահում, եւ հռետորական հարց տվեց, թե ովքե՞ր են այսօր կանգնած նախագահի կողքին, ովքե՞ր են նրան խորհուրդներ տվողները: «Նախագահին պատիվ չի բերում վարունգի թեմայով բաներ ասելը»,-հայտարարեց Արամ Հարությունյանը եւ ապագա նախագահներին կոչ արեց, որ չմոռանան, որ իրենք մի օր նախագահ չեն լինի եւ ինչ որ գյուղում մի օր բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ են զբաղվելու:
Նախագահի թեկնածուն հայտարարարեց, որ չի ուզում, որ մեր երկրի նախագահը մի քանի հոգու նախագահը լինի: Ըստ Հարությունյանի` մեզ հարկավոր է ուժեղ նախագահ, ով ձեռքը կխփի սեղանին եւ վերջ կտա բոլոր արատավոր երեւույթներին: Նախագահի թեկնածուն վստահ է, որ այս ընտրությունները չեն կարող լինել օրինական, նաեւ հարցրեց, թե ո՞վ պետք է մասնակցի քվեարկությանը, երբ ՀՀ գյուղերն օր օրի դատարկվում են:
«Այս ընտրությունները մեզ տանելու են խորը դեպրեսիա»,- նշեց Արամ Հարությունյանն ու թեկնածուներին կոչ արեց լինել ազնիվ: Նա նաեւ հայտարարեց, որ սոցիոլոգներ ու քաղտեխնոլոգներ մեր երկրում չկան, մեր երկրում կան ծախված «սոցիոլոխներ» եւ քաղտեխնոլոգներ:
Ի դեպ, ասուլիսի ընթացքում եւս մեկ անգամ հնչեց հարցը, թե ո՞ւմ պատվերն է կատարում Արամ Հարությունյանը, որին ի պատասխան` բանախոսը հայտարարեց, որ ինքը կատարում է ՀՀ քաղաքացու պատվերը: