կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-15 17:47
Առանց Կատեգորիա

Ո՞ւմ պատվերն է կատարում Զորի Բալայանը

Ո՞ւմ պատվերն է կատարում Զորի Բալայանը

Հրապարակախոս Զորի Բալայանը ՌԴ նախագահին ուղղված` Լեռնային Ղարաբաղը  Ռուսաստանի սեփականությունը դարձնելու մասին իր խնդրագիրը գրել է բաց նամակի ձևաչափով, ինչը վկայում է, որ նրա նպատակը ոչ այնքան Պուտինից պատասխան ստանալն է, որքան Ղարբաղը Ռուսաստանի մաս դարձնելու գաղափարը հանրային ու քաղաքական քննարկումների օրակարգ  ձևավորելը:

 

Սակայն դա միայն Բալայանի նպատակը չէ: Արդեն երրորդ օրն է, ինչ այս նամակի շուրջ բորբոքված կրքերը չեն հանդարտվում, սակայն Հայաստանի իշխանությունները դրա հետ կապված քար լռություն են պահպանում: Ոչ մի պաշտոնական մեկնաբանություն, պարզաբանում, կարծիք ո'չ Նախագահի նստավայրը, ո'չ Կառավարությունը չեն տալիս հասարակական մեծ ռեզոնանս առաջացնող հարցի շուրջ այն դեպքում, երբ նախանձելի օպերատիվությամբ, օրինակ, նախագահի մամուլի քարտուղարն արձագանքում է Զարուհի Փոստանջյանի վրա ձվեր նետելու կոչերին:

 

Նման անտարբերությունը կարող է երկու բացատրություն ունենալ. կամ իշխանությունը պատասխան չունի, որովհետև վերջին շրջանում պուտինիզմի ջատագովը դարձած և դրա «գաղափարական հայրերին»  «ԱԺ պատվո շքանշան»-ով պարգևատրող իշխանությունը պարզապես Կրեմլին ի տես համարձակություն չունի ասելու, թե դեմ է ԼՂՀ-ն Ռուսաստանի գուբերնյան դարձնելու այս անուղղակի խնդրանքին, կամ էլ` «լռությունը համաձայնության նշան է»  սկզբունքով ինքն է նպաստում այդ գաղափարի ակտիվ գեներացմանը հասարակական ու քաղաքական շրջանակներում: 

 

Վերջին տարբերակը միայն մեկ խնդիր կարող է լուծել. ի վերջո հասարակությանն ադապտացնել հենց Ռուսաստանից անշեղորեն պարտադրվող այն գաղափարին, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ապագան երաշխավորված է բացառապես Ռուսաստանի տիրապետության տակ, անկախ նրանից` այդ տիրապետությունը կմարմնավորվի երկու հայկական պետությունները կալինինգրադների  վերածելու՞ միջոցով, թե՞ վերջնականապես վասալային, ավելի ճիշտ, գաղութային պետություն դարձնելու:

 

Իշխանության կողմից  անուղղակիորեն, լռությամբ համաձայնության արժանացող Բալայանի այս նամակով սկզբնավորվում է հանրային կարծիքի տրանսֆորմացման մի գործընթաց, որի իմաստը անկախ պետականությունն իբրև ազգային լինելիության երաշխիք վերջականապես արժեզրկելն է և ստորադասումը Ռուսաստանի կրնկի տակ գոյություն քարշ տալու ստորացուցիչ հեռանկարին:

 

Նման գաղափարի` որքան հնարավոր է ակտիվ շրջանառումը և հնարավորինս արագ մարսման իշխանության ցանկությունը լրիվ հասկանալի է դառնում, երբ Բալայանի նամակի հրապարակումը համադրում ենք Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին:

 

Պատահական չէր, թերևս, որ Բալայանն այս ծավալուն և լավ մշակված նամակը, որի պատրաստման համար, բնականաբար, երկար ժամանակ է պահանջվում, հրապարակեց Ադրբեջանում նախագահական ընտրություններից անմիջապես հետո, երբ Ալիևի կողմից պատերազմի հնարավոր հրահրումը դառնում է առավել քան իրատեսական, քանի որ այդ քայլին դիմելու առումով նրան կաշկանդող հիմնական գործոնը հենց ընտրություններն էին:

 

Բայց խնդիրը ոչ այնքան բուն Ադրբեջանի անկանխատեսելի վարքի մեջ է, որքան այն մտավախությունը, թե Ռուսաստանը կարող է շահագրգռված լինել լոկալ, կարճատև պատերազմի ծավալման հարցում: Իսկ դրա հիմքերը տալիս է արագորեն Ադրբեջանին զինելու և Հայաստանի հետ հարաբերությունները զգալիորեն սառեցնելու Մոսկվայի վարքագիծը: Նման կարճատև պատերազմը ՌԴ-ի համար կարող է ռեզերվային տարբերակից դառնալ առաջնային ցանկացած պահի, որը ամենակարճ ճանապարհը կլինի ղարաբաղյան հակամարտության գոտի խաղաղապահների անվան տակ զորքեր մտցնելու և վերջնականապես Հարավային Կովկասն իր միանձնյա ազդեցության գոտին դարձնելու համար:

 

Դրանով Մոսկվան կարող է պատասխանել դեպի Արևելք ծավալվելու Արևմուտքի ու հատկապես` ԵՄ-ի անշեղ ու իրականում կոշտ քաղաքականությանը:

 

Ինքնակամ Ղարաբաղը Մոսկվային հանձնելու այս անուղղակի պատրաստակամության հայտնումը մի կողմից մատնում է, որ իշխանությունները պատերազմի վերսկսման վտանգի չեզոքացումը պայմանավորում են ոչ այնքան սեփական ռեսուրսներով, որքան Ռուսաստանի տրամադրությամբ, և փորձում են կյանքի գնով շահել նրա բարեհաճությունը, իսկ մյուս կողմից հաստատում են, որ դեմ չեն լինի, եթե Մոսկվան Ղարաբաղը դարձնի հերթական Աբխազիա և ղարաբաղցիները  Ռուսաստանի քաղաքացիներ լինեն:

 

Իսկ տրամաբանությունն այն է, որ այդ դեպքում Ադրբեջանն իսպառ կմոռանա պատերազմի մասին' Վրաստանի օրը չընկնելու համար: Ինչ վերաբերում է բուն Գյուլիստանի պայմանագիրը կրկին կյանքի վերադարձնելուն, ապա սա պարզապես շղարշ է, որով փորձ է արվում այս ցանկությանը քիչ թե շատ իրավական բովանդակություն հաղորդել և ամենակարևորը' տպավորություն թողնել, թե սա ոչ թե Հայաստանի ցանկության, այլ Ռուսաստանի' «պատմական արդարությունը վերականգնելու»  իրավունքի հարց է:

 

Այս նախաձեռնության կիքսը սակայն, որը կարող է հայկական պետականությունների համար ճակատագրական լինել, այն է, որ նրանք հաշվի չեն առնում գերտերությունների կողմից միշտ «ռեալ պոլիտիկ»-ով առաջնորդվելու հանգամանքը: Իսկ վերջնս գրեթե միշտ կառուցվում է նման ցանկությունները մեծ քաղաքականության մանրադրամ դարձնելու չգրված օրենքի վրա:  

 

Ռուսաստանը, ինչպես հայտնի է, դրա փորձն ունի:

 

Ժամանակին Ստալինը  «պատմական արդարությունը վերականգնելու»  նույն «ազնիվ»  մղումներով, գրչի մեկ հարվածով կարողացավ Ղարաբաղը նվիրել Ադրբեջանին, Խրուշչովը նույն մղումներով Ղրիմը հանձնեց Ուկրաինային: Ու հիմա ոչ ոք չի կարող բացառել, որ նույնը չի կրկնվելու, մանավանդ երբ ինքներս սեփական կամքով ենք Ղարաբաղը (դրանով հանդերձ նաև Հայաստանը) հռչակում Ռուսաստանի սեփականություն, իսկ սեփականատերը, ինչպես հայտնի է, ինքն է որոշում ինչ անել իր սեփականության հետ:

 

Իհարկե, դժվար թե այս պահին Ռուսաստանը Հարավային Կովկասը նման եղանակով ուզուրպացնելու մասին մտածի: Սակայն բալայանական մտքի թռիչքը բխում է շատ ավելի հենց Ռուսաստանի շահերից երկու հիմնական պատճառով. նախ' այդպիսով Հայաստանում հանրային ընկալման մակարդակով Մաքսային միությանը, հետագայում նաև Եվրասիական տնտեսական միությանը միանալը դառնում է անայլընտրանք- հեռանկար: Պարզ է, որ Մաքսային միության կազմում հարաբերական ինքնիշխանություն ունենալու հեռանկարը Ռուսասատանի գուբերնիա դանալուց ավելի նախընտրելի է համարվելու: Եվ այս չարյաց փոքրագույնի ընտրությունը պարտադրելով Հայաստանին' Մոսկվան իր համար տանում է առավելագույնը' Հայաստանի լիակատար հնազանդությունը և օտարումը Արևմուտքից:

 

Երկրորդ' Հայաստանի` այսպես կոչված մտավորականությունն ինքն է (եթե իհարկե իսկապես ինքն է) Ռուսաստանին հրաշալի զենք տալիս' Ադրբեջանին դեպի Մաքսային Միություն մղելու համար: Բանն այն է, որ որքան նման գաղափարը և Հայաստանի ցանկությանը Մոսկվայի կողմից ընդառաջելու հակվածությունը համոզիչ թվա Ադրբեջանին, այնքան վերջինս կարող է այլընտրանք չունեցող համարել Մաքսային միությանը միանալու Մոսկվայի պահանջի կատարումը' ԼՂ-ն վերջնականպես չկորցնելու համար:

 

 Այս հարցում, ի դեպ, Մոսկվային օգնում է նաև Արևմուտքը: Հակաժողովրդավարական հայտարարելով Ադրբեջանում կայացած ընտրությունները' վերջինս փաստացի ոչ լեգիտիմ է հռչակում Ալիևի ընտրությունը` դրանով վերջինիս ստիպելով իր իշխանությունը պահելու հույսերը կապել Ռուսաստանի, Մաքսային միության և ընդհանրապես պուտինյան եվրասիական ինտեգրացիոն նախագծերի հետ: Այլ կերպ ասած' այս նամակը, Հայաստանի մտավորականության, իշխանության կողմից դրա հիմնական գաղափարների հանդեպ դրսևորվող լոյալությունը, Ադրբեջանին շանտաժի ենթարկելու հիանալի գործիք է դառնում Մոսկվայի ձեռքին:

 

Եվ փաստորեն ստացվում է այնպես, որ թե' Հայաստանի և թե' Ռուսաստանի ներկայիս իշխանություններին միանշանակ ձեռնտու են Հայաստանում բորբոքվող կրքերը: Այս հարցում նրանց շահերը պարզապես համընկել են: Ու այս իմաստով բացարձակապես նշանակություն չունի' նրանցից ում ջրաղացին ջուր լցնելու համար է Բալայանը գրիչ վերցրել:

 

Գևորգ Աղաբաբյան