Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հրանտ Բագրատյանը հիացած է հայ սոցիոլոգներով, ովքեր կարողանում են ապատեղեկատվություն վաճառել: Այդ մասին լրագրողներին այսօր ասաց ինքը` նախագահի թեկնածուն, ու ավելացրեց, որ դա կատակով է ասում:
Իրականում Բագրատյանը սոցիոլոգների նման վարքագիծը քրեական հանցագործություն է որակում եւ կոչ է անում դատախազությանը` հետաքննել, թե ովքեր են սոցհարցումների պատվիրատուները, ինչ նպատակով են անցկացնում սոցհարցումները, որտեղից են ֆինանսավորվում սոցիոլոգները եւ որքան են ֆինանսավորվում:
Սոցհարցումների արդյունքներով` Բագրատյանը երրորդ տեղն է զբաղեցնելու: «Ես բոլորին ասում եմ` իբր լուծել եք առաջին տեղի հարցերը, հիմա էլ որոշում եք երկրորդ տեղի հարցը՝ թե ով է ավելի ցանկալի»,- նշեց նա:
Բագրատյանն անդրադարձավ նաեւ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի ընտրազանգվածին եւ ներկայացուցիչներին ու նշեց, որ երկու քաղաքական ուժերի ներկայացուցիչներն էլ` շարքային անդամները, շատ ակտիվ ընդգրկված են քաղաքական գործընթացների մեջ եւ չեն պահպանում ընտրություններին չմասնակցելու` իրենց հայտարարությունը:
Բագրատյանը պատասխանեց լրագրողների` բնապահպանությանը վերաբերող հարցին ու նշեց, որ այս առումով ինքը հստակ ասել է իր դիրքորոշումը: Ըստ այդմ` առաջինն ու ամենակարեւորը՝ բնությունից ինչ վերցվում, դրա համար պետք է գին վճարվի: Իսկ երբ հանքը հանձնվում է ինչ-որ մեկին` շահագործման, ապա ամեն տարի պետք է որոշվի, թե այդ տարի պետական ռեսուրսներից որքան է վաճառվելու: Նա խոստանում է ստվերից հանել հանքարդյունաբերությունը, քանի որ համոզված է, որ ոլորտի ավելի քան 70 տոկոսն այժմ ստվերում է:
Անդրադառնալով ՀԱԿ-ի դիրքորոշմանը` իրեն պաշտպանել-չպաշտպանելու հարցում, Բագրատյանը նշեց, որ, օրինակ, ՀՀՇ-ի շատ ներկայացուցիչներ ընդգրկված են իր շտաբի աշխատանքներում, ուստի դժվար է ասել, թե այս ուժը պաշպանում է կամ` ոչ: Բագրատյանը չհրապարակեց նաեւ իր ստվերային քաղաքական կապերը, քանի որ մեկ-երկու անուն հրապարակելուց հետո դժգոհություններ են հնչել, բայց ասաց, որ ստվերային կապեր որոշ ուժերի կամ գործիչների հետ ինքն ունի:
Ինչ վերաբերում է Անդրիաս Ղուկասյանի կոչին, ըստ որի` բոլոր թեկնածուները պետք է հանեն իրենց թեկնածությունը, որպեսզի Սերժ Սարգսյանը մնա միայնակ, ապա Բագրատյանը չի պատրաստվում միանալ այդ կոչին: Նա նաեւ սրտնեղած է, որ ՀԿ-ի ներկայացուցիչը կամ ՀԿ-ն, քաղաքական հայտարարություն են անում: Նրա դիտարկմամբ` այդ դեպքում ՀԿ-ն վերածվում է կուսակցության, իսկ գործիչը` քաղաքական գործչի: Իսկ եթե մարդն ուզում է զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն պետք է զբաղվի քաղաքականությամբ, այլ ոչ թե հասարակական գործունեության անվան տակ քաղաքական գործունեություն ծավալի:
Բագրատյանի կարծիքով` նման պահվածքը օգնում է իշխանություններին, քանի որ խառնում է քաղաքական դաշտը, եւ ոչինչ հստակ ու որոշակի չէ: