կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-25 17:06
Քաղաքական

Իշխանություններն անընդհատ կեղծել են ընտրությունների արդյունքները

Իշխանություններն անընդհատ կեղծել են ընտրությունների արդյունքները

Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը լինի նախագահ, Հայաստանը կդառնա Եվրամիության անդամ: Բագրատյանին անընդունելի է Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնող որեւէ համագործակցություն: Սերժ Սարգսյանի համար էլ Ռուսաստանը ռազմավարական դաշնակից է: Իրենց թեկնածուների նախընտրական ծրագրերի շուրջ բանավիճելու ժամանակ այսօր այդ ծրագրերի արտաքին քաղաքական դրույթները ներկայացրեցին Հովհաննես Սահակյանը, Արմեն Մարտիրոսյանն ու Սոս Գիմիշյանը:

 

Բանավիճողները խոսեցին նաեւ դիտորդական առաքելությունների մատնանշած` անվստահության մթնոլորտի եւ այլ բացասական երեւույթների մասին եւս:

 

Արտաքին քաղաքականության հետ կապված` ՀՀԿ-ն բազմիցս արտահայտել է իր տեսակետը` եթե այս կամ այն միավորումը օգուտ է մեր երկրին, մեր տնտեսությանը, մեր ժողովրդին, ապա պարզ է, որ գնալու է այդ ուղղությամբ. Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականության դրույթների մասին խոսելիս ասաց Հովհաննես Սահակյանը: Նա նշեց, որ եթե իրենք հասկանան, որ հայ-թուրքական արձանագրություններն իրենց արդյունքը չեն տվել, կարող են հետ կանչել Հայաստանի ստորագրությունը դրանց տակից:

Արմեն Մարտիրոսյանն էլ, ներկայացնելով Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրի արտաքին քաղաքականության դրույթները, նշեց, որ իրենց դիրքորոշումն այս հարցում հստակ է` արդեն հաջորդ` ոչ թե նախագահի, այլ վարչապետի օրոք Հայաստանը պետք է դառնա Եվրամիության անդամ: Իսկ երկրում անվստահության մթնոլորտի մասին խոսելիս նա ասաց, որ շատ դժվար է պայքարել դրա դեմ, երբ իշխանությունն անընդհատ հասարակությանը մղում է դեպի անվստահություն:

Երկրում ընտրությունների նկատմամբ անվստահության մթնոլորտի առումով Բագրատյանի ներկայացուցիչ Սոս Գիմիշյանն ասաց, որ դա ավելի քան 20 տարվա պատմությունից է գալիս, որովհետեւ իշխանություններն անընդհատ ընտրությունների արդյունքներն աղավաղել են: Նա նշեց, որ 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ իշխանություններն ապացուցեցին, որ նույնիսկ պատրաստ են կրակելու միջոցով պահպանել իշխանությունը: Բագրատյանի համար, ինչպես ներկայացրեց Սոս Գիմիշյանը, արտաքին քաղաքականությունը խարսխվում է այն սկզբունքի վրա, որ եթե որեւիցե համագործակցություն լինելու է ի վնաս Հայաստանի ինքնիշխանության, ապա դա միանշանակ անընդունելի է: