Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախագահի ժամանակավոր թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը համարում է, որ այս ընտրություններում ծրագրային մրցակցությունն անիմաստ է: «Ովքեր կհանեն իրենց թեկնածությունը ընտրություններից առաջ, նշանակում է` անկախ թեկնածուներ են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա:
Սակայն Հարությունյանն այլ ծրագիր է առաջարկում` մինիմում և մաքսիմում: Առաջինին արդեն անդրադարձել ենք, այն է` բոլոր թեկնածուները մինչև փետրվարի 8-ը հանում են իրենց թեկնածությունը` նախագահին թողնելով միայնակ, անձամբ ինքը դա կանի փետրվարի 8-ին` ժամը 17:00-ին:
Առավել հետաքրքրական է թեկնածուի մաքսիմում ծրագիրը` թեկնածությունը հանում է նաև Սերժ Սարգսյանը, դառնում է այս ընտրությունների երաշխավորը և ունենում է ապահով ծերություն: «Ի վերջո, ես չեմ ուզում, որ 4-րդ նախագահը չմնա Հայաստանում, ուրիշ տարբերակ չկա»,- մտահոգություն հայտնեց նա:
«Ես այս քայլով ցույց եմ տալու, որ կարևոր չէ, թե ովքեր են գալիս քո հետևից, կարևոր է, որ դու առաջ ես գնում: Ես եկա ասելու այն, ինչ բոլորը գիտեին, սակայն բարձրաձայնել` չէին համարձակվում»,- Պ. Սևակին մեջբերելով` նշեց Հարությունյանը:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե` եկաք, Ձեր խոսքն ասացիք, իսկ փետրվարի 8-ին «գնում եք»` փաստորեն, բախտի քմահաճույքի՞ն թողնելով ժողովրդին, նա պատասխանեց. «Ես ուզում եմ ֆիքսվի` այս ընտրությունները ինչպիսին են եղել` կեղծ թեկնածուներո՞վ, թե՞ եղել են մարդիկ, ովքեր հասկացել են իրավիճակի ելքը: Այս ընտրությունները 2018 թվականի համար են»:
Yerkir.am-ի հարցին` հո՞ղ եք նախապատրաստում հաջորդ ընտրություններում առաջադրվելու համար, Արամ Հարությունյանը պատասխանեց. «Ընդհակառակը` ես ուզում եմ, որ հող չտանք, իսկ այսպես, որ շարունակվի` կտանք»: