կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-18 16:00
Իրավական

Վարսեր համայնքի ղեկավարի թեկնածուն սպառնացել է հանձնաժողովի նախագահին

Վարսեր համայնքի ղեկավարի թեկնածուն սպառնացել է հանձնաժողովի նախագահին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Ս. Մ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրը՝ 2016թ. հոկտեմբերի 2-ին ժամը 13:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի թիվ 23/01 ընտրատեղամասից դուրս Վարսեր համայնքի ղեկավարի թեկնածուն սպառնացել է հանձնաժողովի նախագահ Ս. Մ.-ին՝ ձայներ չապահովելու ու իր չընտրվելու դեպքում հաշվեհարդար տեսնել նրա ընտանիքի հետ:

Ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո, երբ պարզվել է, որ հիշյալ թեկնածուն պարտվել է, Ս. Մ.-ն քվեաթերթիկները տեղավորել է մեքենայի մեջ՝ ընտրատարածքային հանձնաժողով տեղափոխելու նպատակով, սակայն հիշյալ թեկնածուի համախոհները մոտ 5-6 ժամ փակել են մեքենայի ճանապարհը՝ խոչընդոտելով ընտրական հանձնաժողովի աշխատանքներին:

Ս. Մ.-ն նշել է նաև, որ այդ ընթացքում ոստիկանության ծառայողները ոչինչ չեն ձեռնարկել, իսկ երբ 2016թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 06:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում, դիմել է ՀՀ ոստիկանության Սևանի բաժին՝ իր նկատմամբ կատարված հանցագործության դեպքի առթիվ հաղորդում տալու նպատակով, բաժնի հերթապահն ու մյուս պաշտոնատար անձինք իրենից հաղորդում չեն ընդունել:

Քաղաքացիների կողմից բռնություն գործադրելու սպառնալիքով զուգորդված ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու և ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: