Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ՀՀ նախագահական ընտրություններում 3-րդ անգամ կառաջադրի իր թեկնածությունը: Այդ մասին Yerkir.am-ի թղթակցի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արամ Հարությունյանը: Քանի որ ասուլիսին, մեր լրագրողից բացի, այլ լրագրողներ չէին ներկայացել, մեզ իրավունք վերապահեցինք ասուլիսը վերածել հարցազրույցի: Իսկ թե ինչո՞վ էր պայմանավորված Ա. Հարությունյանի նկատմամբ իմ գործընկերների անհետաքրքրությունը, հայտնի չէ:
Ինչևէ, քաղաքական գործիչը նախ անդրադարձավ ԱԺ-ում վերջին օրերին ծավալված իրադարձություններին, մասնավորապես` լրագրող Մհեր Արշակյանի և պատգամավոր Մհեր Սեդրակյանի միջև տեղի ունեցած միջադեպին: «Ուղղակի ողբերգական է, երբ հանրապետականները ներողություն են խնդրում լրագրողից իրենց գործընկերոջ փոխարեն: Այդ իմաստով ավելի անկեղծ է Մհեր Սեդրակյանը, ով ներկայանում է այնպիսին, ինչպիսին կա»,- ասաց նա և հավելեց, որ մնացել է նրա անունից երկրի նախագահը ներողություն խնդրի:
Անդրադառնալով քաղաքական զարգացումներին` բանախոսը նշեց, որ իր համար, թերևս, արտառոց էր Հրանտ Բագրատյանի առաջադրումը: Վերջինս, ըստ նրա, կարող էր սպասել Լևոն Տեր-Պետրոսյանի որոշմանը, քանի որ նույն Բագրատյանը ընտրություններին երբեք միայնակ չի մասնակցել: Հարությունյանը նաև համոզմունք հայտնեց, որ ընդդիմադիր դաշտը պետք է համագործակցի. «ՀԱԿ-ում հիմնական թեկնածուն Լևոն Տեր Պետրոսյանն է, ով անկախ իր սխալներից, հնարավոր ռեսուրսներ ունի ընտրագանգված ձևավորելու համար»,- ասաց նա:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե` 2 ընտրություններում ձախողվել եք` չհաղթահարելով անգամ 1%-անոց շեմը, ի՞նչ հույսով եք այս ընտրություններում առաջադրում Ձեր թեկնածությունը, Հարությունյանը պատասխանեց. «Կա'մ դուռը փակում ես` գնում տուն` ասելով կեցցե' թագավորը, կա'մ փորձում ես անել այն, ինչ քեզնից կախված է: Գուցե շատերը զարմանան իմ առաջադրումից, սակայն, չգիտես ինչու, չեն զարմանում, երբ, օրինակ, պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կամ Մհեր Սեդրակյանը հաղթում են: Սակայն կարծում եմ` այս անգամ ավելի հեշտ է լինելու մեր ձայները պահել: Եթե լինի քաղաքական պայքար, բանավեճեր, գուցե որևէ արդյունքի հասնենք»:
Հարցին, թե ինչու՞ չի ցանկանում սատարել այլ թեկնածուի, նա պատասխանեց. «Եթե գտնենք, որ կա հարմար թեկնածու, կսատարենք, սակայն ներկայումս նման թեկնածու չկա, սակայն հնարավոր է առաջիկայում ընդդիմադիր գործիչներից որևէ մեկին միանանք: Պետք է լուրջ համագործակցության առաջարկ լինի: Պետք է լինի այնպիսի մեկը, ում հետ ընդհանուր հայտարար կգտնենք: Անկախ ամեն ինչից` նախագահի թեկնածուները պետք է համագործակցեն: Եթե Աստված տա` ընդդիմադիր ուժերի հետ կհամագործակցենք, այդ դեպքում ավելի հեշտ կլինի, գուցե 10 օր առաջ հանենք մեր թեկնածությունը: Պարզապես ես շատ կցանկանալի իմանալ` իրականում որքան ձայն ունեմ»:
Արամ Հարությունյանը գործող նախագահին է իրեն միայն մրցակից համարում եւ բացառվում է, որ նրան կսատարի: «Այսօրվա հիմնական խնդիրը իշխանափոխությունն է, ես իմ մասնակցությամբ փորձում եմ նպաստել դրան»,- ասաց նա: