|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Նախօրեին տեղի է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից պատրաստված «Անի» վավերագրական ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմը պատմում է Բագրատունյաց մայրաքաղաքի պատմական հուշարձանների մասին:
1918-20թթ. Բագրատունյաց մայրաքաղաք Անին Կարսի մարզի հետ ներառվում է Հայաստանի Հանրապետության կազմի մեջ, սակայն 1920թ. հոկտեմբերին Անին և Կարսի մարզն ամբողջությամբ կրկին զավթում են թուրքերը: Մեկ տարի անց առանց հայկական կողմի համաձայնության բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև կնքված Կարսի պայմանագրով մարզը բռնակցվում է Թուրքիային:
Դրանով ընդհատվում են Անիում շուրջ քառորդ դար իրականացված հնագիտական ուսումնասիրությունները: Քայքայվում, անհետանում են պեղումների շնորհիվ բացված, բայց անտերության մատնված մեծաթիվ նյութեր՝ վիմագիր արձանագրություններ, ճարտարապետական և զարդաքանդակ բեկորներ, զանազան կառույցների առանձին հատվածներ և հնագիտական իրեր:
Տևական ընդմիջումից հետո՝ սկսած 1990-ական թվականների վերջերից, Անիում առանց հայ մասնագետների մասնակցության հնագիտական պեղումներ, ինչպես նաև հուշարձանների մասնակի կամ ամբողջական ամրակայման և վերականգնման աշխատանքներ են իրականացնում թուրք մասնագետները: Սակայն ակներև է, որ այդ աշխատանքները մեծ մասամբ իրականացվել են և այժմ էլ շարունակվում են հուշարձանների վերականգնման գիտական նորմերի անտեսմամբ և, առավել ցավալի է, հաճախ նաև յուրացման ակնհայտ միտումներով: