կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-08 13:38
Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանը բացառում է իշխանությունների աջակցությունը

Րաֆֆի Հովհաննիսյանը բացառում է իշխանությունների աջակցությունը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ կեղծ են այն տեղեկությունները, թե իբր իր ընտրագրավը մուծել են իշխանությունները: Նա հերքեց նաեւ, թե ընտրություններում իշխանությունները արհեստականորեն լրացուցիչ ձայներ են ապահովելու իր համար, եւ որ երկրորդ հորիզոնականը բաժին կհասնի հենց իրեն:

 

Նախագահի թեկնածուն առաջարկեց դուրս գալ դավադրային տեսություններից, հետո հայտարարեց. «Հինգ տարի առաջ էլ ասում էին, թե իբր Ջորջ Բուշը, Քըրք Քըրքորյանը, իմ հայրն այնպես են արել, որ ես եւ «Ժառանգությունը» մտնենք խորհրդարան: Հիմա ո՞վ է, Օբամա՞ն է, Վլադիմիր Պուտի՞նը, ո՞վ է, որ պետք է ակնարկ անի: Ես չեմ բացառում, որ լինում են ստորգետնյա հոսանքներ, ցանկություններ, բայց ես բացառում եմ նման հնարավորությունը եւ չեմ ընդունի որեւէ մեկի օժանդակությունը, որը կսահմանափակի իմ ինքնիշխանությունը»:

 

Yerkir.am-ը նախագահի թեկնածուից հետաքրքրվեց, թե ի՞նչ է անելու, եթե այդքան սպասելի հաղթանակը չլինի: Հովհաննիսյանը հայտարարեց, որ ազատ եւ արդար ընտրությունների դեպքում պատրաստ է ե'ւ շնորհավորել, ե'ւ ընդունել շնորհավորանքներ, իսկ եթե լինեն հերթական կեղծված ընտրությունները, ակնկալում է, որ քաղաքական պայքարը հրապարակավ կշարունակվի: Հովհաննիսյանը չի բացառում ո'չ հացադուլները, ո'չ ցույցերը, ո'չ էլ բողոքի արտահայտման այլ ձեւերը: Ասում է՝ ամեն ինչ էլ հնարավոր է: