կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-28 17:11
Տնտեսական

Հողը թվերով չեն մշակում

Հողը թվերով չեն մշակում

Գյուղատնտեսության նախարարը խնդիրներ ունի` ինքն իր հետ: Հակառակ դեպքում չէր հրապարակի թվեր, որոնց միայն ինքն է հավատում, եթե, իհարկե, հավատում է:

 

Ամփոփելով տարվա արդյունքները` նա նշեց, թե ընթացիկ տարվա հունիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է ցանքատարածությունների ավելացում, այն կազմել է 303 հազար 600 հեկտար, նախորդ տարվա 286 հազար 700 հեկտարի դիմաց: Սրա արդյունքում, իբրեւ թե, վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը 2012թ. հասել է 67.6 %-ի, նախորդ տարվա 63.8 %-ի դիմաց: Ընթացիկ տարում ցանքատարածություններն էլ, պարզվում է, գերազանցում են 2011թ. մակարդակը 16 հազար 900 հեկտարով:

 

Ու հետաքրքիր է` գյուղնախարարությունից այդ ո՞վ է գնացել ու հաշվել, թե որ մի հեռավոր գյուղում, որ մի գյուղացին ինչքան հողատարածք է մշակել, որ իրենց հրապարակած թվերի ճշմարտության մեջ համոզված հայտարարություն են անում: Ոչ ոք: Հրապարակված այս թվերն էլ չեն համապատասխանում իրականությանը:

 

Իհարկե` թե ինչքան հող է մշակվում, որ հողակտորն ինչ մշակաբույսի տակ է մշակվում եւ այլն, այսպիսի հաշվառումներ, գոնե կարգի համաձայն, համայնքներում պետք է կատարվեն: Այս հաշվառման թվերն էլ պետք է ստուգվեն, ճշգրտվեն ու ամփոփվեն` տարեվերջին հաշվետվության ձեւով համապատասխան մարմինների ու ժողովրդի առջեւ հրապարակվելու համար: Ինչ-որ չափով համայնքների ղեկավար մարմինները նաեւ այդպիսի հաշվառումներ անում են:

 

Սակայն Հայաստանում գոյություն ունի երկու վիճակագրություն` իրական ու հրապարակման ենթակա: Ամեն տարի գյուղատնտեսության նախարարությունը հրահանգ է իջեցնում իր մարզային կառույցներին գյուղատնտեսության ոլորտին վերաբերող ճյուղերում հաշվառումներ անցկացնելու եւ թվեր ներկայացնելու մասին:

 

Այս մարզային կառույցներն, իրենց հերթին, չեն ալարում, նստում ու հերթով զանգում են համայնքներ ու հարցնում, օրինակ` «պարո’ն համայնքապետ կամ տեղակալ, այս տարի քանի՞ հեկտար ցորեն եք ցանել». համայնքապետը կամ որեւէ մեկը, ով այդ պահին պատասխանում է` նշում է իրական թիվը: Մարզպետարանից էլ իջնում է անդրկուլիսյան հրահանգը. «Քիչ է, ախպե’ր ջան, պետք է մի ընենց թիվ ներկայացնես, որ Հայաստանը աշխարհի ամենազարգացած գյուղատնտեսությունն ունեցող երկիրը երեւա…»:

 

Այս դրվագը, թեեւ օրինակի համար է բերված, բայց հենց այս պատմությունը պատահել է իմ մի ազգականի հետ, ով Հայաստանի հեռավոր համայնքներից մեկում գյուղապետարանի քարտուղար է աշխատել բավականին երկար ժամանակ:

 

Արդյունքում` տարեվերջյան հաշվետվությունների ժամանակ նախարար-փոխնախարար-վարչության պետ հայտնվում են անհարմար վիճակում` դիտավորյալ կամ միամիտ խաբում են բոլորին, ու առաջին հերթին` իրենք իրենց: Որովհետեւ վերջերս այցելել էինք Շիրակի մարզ: Ճանապարհին ուղեկիցս, ով գյուղատնտես է, ցույց էր տալիս անմշակ դաշտերն ու ասում, թե երեւացող բոլոր դաշտերն այդ ենթատարածաշրջանի լավագույն վարելահողերից են: Մինչեւ անցյալ տարի էլ մշակվել են: Սակայն այս տարի գյուղացիները չեն մշակել: Մեկ-երկու մշակված հողակտորներն էլ որ կային, պարզվեց, ինչ-որ մեկն էր Աբովյանից եկել, վարձել ու ցանել: Մի խոսքով` նախկինում մշակվող հողերն այս տարի չէին մշակվել:

 

Նույն պատկերին ականատես եղանք նաեւ Սյունիքի մարզում` Սիսիանի տարածաշրջանում:

 

Մի խոսքով` այս «աճի» տեմպերով Հայաստանը մի քանի տարուց ոչ միայն զարգացած գյուղատնտեսություն չի ունենա, այլեւ շատ վտանգավոր վիճակում կհայտնվի, վիճակագրությունից դուրս անմշակ արտերն ու այգիներն էլ` ձեզ ապացույց:

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ