կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-26 14:42
Հասարակություն

Տնտեսությունը աճ է արձանագրել

Տնտեսությունը աճ է արձանագրել

Ընդհանուր առմամբ` 2012 թվականը Հայաստանի տնտեսության համար կարելի է համարել հաջողված տարի. լրագրողներին այսօր ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Ըստ նրա` կհաջողվի տարին ամփոփել ցուցանիշներով, որոնք ավելի բարձր են, քան պլանավորված էր պետական բյուջեով:

 

Ըստ կանխատեսումների` ՀՆԱ աճը 9 ամիսների կտրվածքում կազմում է 7.6 տոկոս, արդյունաբերության ոլորտում կունենանք ավելի քան 10 տոկոսի աճ, իսկ նոյեմբեր ամսվա արդյունքներով` արդյունաբերության ծավալն այս տարի անցել 1 տրիլիոն դրամի ցուցանիշը, որն աննախադեպ է, եւ մենք հետխորհրդային տարիներին այսպիսի ցուցանիշներ չենք ունեցել: Նախարարի հավաստմամբ` կունենանք նաեւ արտահանման տեմպի առաջանցիկ ցուցանիշներ:

 

«Արդյունաբերության մասով ասեմ, որ մենք ունեցանք բավականին լուրջ առաջընթաց եւ անցյալ տարվա դեկտեմբերին կառավարության կողմից ընդունված արդյունաբերական քաղաքականության ներքո կարողացանք մի շարք ուղղություներում ու ծրագրերում գրանցել որոշ առաջընթաց»,- նշեց նախարարը:

 

Ըստ նրա` տնտեսական ցուցանիշների մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ դրանք արձանագրվել են այն ժամանակ, երբ գլոբալ տնտեսությունն ունի խնդիրներ, երբ հզոր տնտեսություն ունեցող երկրներում չեն կարողանում աճ արձանագրել: Ուստի Տիգրան Դավթյանը կարծիք հայտնեց, թե Հայաստանը կդասվի այն ոչ շատ երկրների շարքը, որ կարողացան դրական դինամիկա ունենալ 2012 թվականին: Նախարարը նշեց, թե մի շարք ծրագրեր են իրականացվել այս տարիներին, եւ շուրջ մի քանի տասնյակ նոր ձեռնարկություններ են վերագործարկվել կամ բացվել, իսկ առաջիկա մի քանի ամիսներին մի քանի լուրջ ձեռնարկություններ կփորձարկվեն:

 

«Այս ամենին նպաստել է այն քաղաքականությունը, որ իրականացվում է վերջին տարիներին: Այդ քաղաքականությունը պրոակտիվ քաղաքականություն է, որում շեշտը դրվել է պետություն-մասնավոր հատված համագործակցության վրա»,- ասաց Տիգրան Դավթյանը:

 

Անդրադառնալով ներդրումներին` նախարարը կարեւորեց ազատ տնտեսական գոտիների ձեւավորման գործընթացները: Գործարար միջավայրի հետ կապված վերջին  արդյունքն ու նվաճումը, նախարարի գնահատականով, այն է, որ Հայաստանը բավական լուրջ առաջընթաց ունեցավ այս տարվա արդյունքերով եւ մենք հայտնվեցինք աշխարհի առաջատար երկրների շարքում` հայտնվելով 32-րդ տեղում` աշխարհի 185 երկրների շարքում: Տիգրան Դավթյանը նշեց, թե այստեղ մեզ համար կարեւոր է ոչ թե ցուցանիշը, այլ, իրոք, ռեալ ներդրումային եւ գործարար մթնոլորտի բարելավումը: